ԿԸՀ-ն կբողոքարկի Թեթրիծկղարոյի և Գորիի դատարանների որոշումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վերաքննիչ դատարանում կբողոքարկի Թեթրիծկղարոյի և Գորիի շրջանային դատարանների որոշումները։

ԿԸՀ-ն հայտարարությամբ արձագանքել է Ծալկայի և Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետներում ընտրատեղամասերի արդյունքները չեղարկելու վերաբերյալ Թեթրիծկղարոյի շրջանային դատարանի երեկ` նոյեմբերի 4-ին հրապարակված որոշմանը, որի համաձայն` դատավորը որոշել է չեղարկել Ծալկայի թիվ 25 ընտրատարածքում ընդգրկված 18 ընտրատեղամասերի և Թեթրիծկղարոյի ընտրատարածքում ընդգրկված 13 ընտրատեղամասերի արդյունքները։

«Ընտրական վարչությունը չհիմնավորված է համարում Թեթրիծկղարոյի շրջանային դատարանի որոշումը և համաձայն չէ ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարելու որոշման հետ։ Նշված որոշումը նաև ակնհայտորեն հակասում է առաջին ատյանի դատարաններում նույն հարցով մյուս բոլոր վեճերին:

Ըստ այդմ՝ նոյեմբերի 4-ին Թեթրիծկղարոյի շրջանային դատարանի կայացրած որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում», — նշված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ:

ԿԸՀ-ն հայտնել է, որ արդեն բողոքարկել է Գորիի շրջանային դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, ըստ որի՝ Գորիի թիվ 32 ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է վերահաշվարկել 15 ընտրատեղամասերի անվավեր քվեաթերթիկները։

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ դատարանը չեղյալ է համարել Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատատեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով:

Թեթրիսծկարոյի և Ծալկայի 30 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ են հայտարարվել