ԿԸՀ-ն ընդունում և հերքում է ISFED-ի հայտարարությունը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նշում է, որ «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հանդես է եկել «ոչ կոռեկտ, մանիպուլյատիվ և ապակողմնորոշող» հայտարարությամբ։

ԿԸՀ խոսնակ Նաթիա Իոսելիանին ճեպազրույցում մի կողմից ընդունել է՝ գենդերային վիճակագրությունը սխալ է մշակվել 11 ընտրատեղամասերում, իսկ մյուս կողմից՝ ISFED-ին մեղադրել «մանիպուլյատիվ» հայտարարություն տարածելու մեջ։

«Տվյալները գրանցողների կողմից հաշվվում են ոչ թե ընտրական, այլ միայն գենդերային վիճակագրության մշակման նպատակով և կարող են փոքր-ինչ տարբերվել իրական գենդերային ակտիվությունից՝ հաշվի առնելով հաշվարկի մեթոդաբանությունը և հանգամանքները… Կան 11 ընտրատեղամասեր, որտեղ քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներից սխալմամբ է ուղարկվել ընտրություններին մասնակցող կանանց թիվը, ինչն էլ ընտրություններին մասնակցող տղամարդկանց թվի փոքր սխալ արդյունք է առաջացրել»,- ասել է ԿԸՀ խոսնակը։

Այն, ինչ ԿԸՀ խոսնակն անվանել է «փոքր սխալ», Բակուրիանիում կայացած ընտրությունների 15 տոկոս տարբերություն է ենթադրում:

ISFED-ի տնօրեն Նինո Դոլիձեն նշել է՝ այսօր ԿԸՀ-ն ճեպազրույցում փաստացի հաստատել է, որ որոշ ընտրատեղամասերում կարող է լինել նման վիճակագրություն. այսինքն՝ որ տղամարդ ընտրողների ակտիվության մակարդակը 100 տոկոսից բարձր լինի, ինչը նշանակում է, որ քվեարկությանը մասնակցած տղամարդ ընտրողների թիվը գերազանցում է ընտրատեղամասի միասնական և հատուկ ցուցակներում գրանցված տղամարդ ընտրողների ընդհանուր թվին:

ISFED-ը, աշխատելով ընտրական հարցերի շուրջ, ԿԸՀ-ից պահանջել է հանրային տեղեկատվություն ընտրություններին գրանցված և գենդերային առումով դրանց մասնակցության վերաբերյալ։ Կազմակերպությունը պարզել է, որ որոշ ընտրատեղամասերում ավելի շատ տղամարդիկ են քվեարկել, քան ընտրացուցակներում գրանցված տվյալներն են եղել:

Դոլիձեն որպես օրինակ նշել էր Բակուրիանիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում բացված ընտրատեղամասը, որտեղ գրանցվել է 514 տղամարդ ընտրող, սակայն քվեարկել է ընդամենը 599 տղամարդ։