Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության կարգի վերաբերյալ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին։ Այսօր՝ մայիսի 9-ին կայացած ճեպազրույցում ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին «Վրացական երազանքի» նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունը որակել է որպես «ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ»։
«Ժողովրդավարության բարձր չափանիշների մասին խոսող մարդիկ, ցավոք, իրենց հայտարարություններով վարկաբեկում են ոչ միայն կոնկրետ անձանց, այլև ընդհանրապես ընտրական գործընթացները։ Կասկած կա, որ այս վարկաբեկող քարոզարշավը նպատակ ունի ստվերելու ընտրական վարչակազմի ակնհայտ հաջողությունները։
Հենց վերջերս հանրությունն իր աչքով տեսավ, որ ընտրական վարչությունը միջանկյալ ընտրություններ է անցկացրել ամենաբարձր չափանիշներին համապատասխան», — ասել է Իոսելիանին։
Մայիսի 8-ին «Վրացական երազանքը» խորհրդարանի բյուրոյի նիստում ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որը փոփոխություններ է նախատեսում Ընտրական օրենսգրքում և Վրաստանի խորհրդարանի կանոնակարգում։
Առաջարկվող փոփոխության համաձայն՝ ԿԸՀ նախագահին և 7 անդամներին կընտրի Վրաստանի խորհրդարանը՝ լիակատար մեծամասնությամբ (76 պատգամավոր):
Գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ նախագահին ընտրում է խորհրդարանը՝ նախագահի առաջարկով։ Եթե ԿԸՀ նախագահն ընտրվում է Վրաստանի խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ (100 պատգամավոր), ապա նրա պաշտոնավարման ժամկետը 5 տարի է, իսկ մնացած դեպքերում՝ 6 ամիս։