Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է 2242 ընտրատեղամասերի նախնական հաշվարկները:
ԿԸՀ-ի տվյալների համաձայն, 2242 ընտրատեղամասերի, որոնք կազմում են ընդհանուր ընտրատեղամասերի 72.067 տոկոսը, նախնական արդյունքներն են.
- «Վրացական երազանք»՝ 53,031 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,185 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 9,852 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 9,007 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 8,227 տոկոս,
- «Գիրչի»՝ 3,219 տոկոս,
- «Հայրենասերների դաշինք»՝ 2,527 տոկոս:
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին սպասարկել են 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Ընտրությունները լրիվ համամասնական կարգով են անցկացվել՝ 5 տոկոսանոց անցողիկ շեմով: Ընտրողների շուրջ 90 տոկոսը պետք է քվեարկեր էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, 10 տոկոսը՝ ավանդական ձևով:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 20:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 2 մլն 060 հազար ընտրող, որը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը:
Նշենք նաև, որ Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի: