Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները պահանջում են ԿԸՀ նիստ անցկացնել, որում կքննարկեն ընտրությունների կրկին անցկացման հարցը։
Ընդդիմության հինգ անդամներ համատեղ ճեպազրույցում ասել են, որ անհրաժեշտ է վերընտրություններ հրավիրել։
«Բոլորին պարզ է մի բան, որը ոչ կառավարությունը, ոչ ԿԸՀ-ն, ոչ ոք չի հերքում. դա այն է, որ տեխնոլոգիական տեղամասերում զանգվածաբար խախտվել է ընտրողների քվեարկության գաղտնիությունը։ Թեթրիսծկարոյի շրջանային դատարանը նախադեպ ստեղծեց և չեղյալ համարեց համապատասխան շրջանների արդյունքները։ Սա նշանակում է, որ կա ընտրությունները չկայացած հայտարարելու և վերընտրության կոչ անելու իրավական հիմք»,- ասել է ԿԸՀ անդամ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիան ներկայացնող Գիորգի Սիորիձեն։
Ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը հայտարարել են` չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները. պահանջում են նոր ընտրություններ անցկացնել Միջազգային ընտրական վարչության հսկողությամբ։ Այս ընտրություններում բնակչության 90 տոկոսը քվեարկել է էլեկտրոնային համակարգի միջոցով։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը իշխանության ղեկին կմնա չորրորդ անգամ։
Վրաստանի դատախազությունը ԿԸՀ-ի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման փաստով։ Այս գործով նախագահն ու ընդդիմության առաջնորդները հրավիրվել են հարցաքննության։