ԿԸՀ անդամները փոխհատուցում կստանան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր օրինագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամներին պետական ​​փոխհատուցում կտրվի: Օրինագիծը միակուսակցական խորհրդարանում գրանցվել է հունվարի 27-ին։

ԿԸՀ-ի յուրաքանչյուր անդամ պետական ​​փոխհատուցում կստանա իր աշխատավարձի մեկ երրորդի չափով: ԿԸՀ անդամների աշխատավարձերը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից բարձրացել են. ամսական աշխատավարձերը բաշխվում են հետևյալ կերպ.

  • ԿԸՀ նախագահ՝ 12 հազար 410 լարի (ակնկալվող փոխհատուցումը՝ 4  հազար 137 լարի):
  • Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ՝ 9 հազար 928 լարի (ակնկալվող փոխհատուցումը՝ 3 հազար 309 լարի)։

Այս ֆոնին պետք է նշել, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 70 տարեկանների կենսաթոշակը կազմում է ընդամենը 350 լարի, 70-ից բարձրերինը՝  450 լարի։

Պետական ​​փոխհատուցում կստանան.

  • 65 տարին լրացած և ԿԸՀ անդամ 5 տարվա շարունակական ծառայություն ունեցող անձինք,
  • ԿԸՀ անդամի 25 տարվա ստաժ ունեցող անձինք (այս դեպքում անձը պետք է անընդմեջ աշխատած լինի նաև 5 տարի),
  • Փոխհատուցում չի տրվի նրանց, ում նկատմամբ դատարանը հաստատել է Վրաստանի ընտրական օրենսդրության խախտում։
  • ԿԸՀ անդամները օրենքի հրապարակումից 30 օր հետո կկարողանան փոխհատուցում ստանալ։

Նույն օրենսդրական փաթեթով «Վրացական երազանք» կուսակցությունը ԿԸՀ անդամներին կթույլատրի զենք կրել։

Վիճահարույց խորհրդարանն ընդունում է օրենքների նախագծեր, երբ դրա լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմադիր կուսակցությունները, հինգերորդ նախագահը և հասարակական կազմակերպությունները։ Հարցեր են առաջ քաշում նաև միջազգային գործընկերները։ Բացի այդ, մայրաքաղաք Թբիլիսիում և այլ քաղաքներում նոր ընտրությունների պահանջով հանրահավաքներ են անցկացվում։

2024 թվականի հոկտեմբերի 26-ից հետո «Վրացական երազանք» -ը ընդունել է օրենքներ, որոնք էապես սահմանափակում են ցուցարարների իրավունքները, միաժամանակ՝ 2,5 անգամ բարձրացնելով սեփական աշխատավարձերը։