Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ անդրադարձել է «Պիրվելի» հեռուստաընկերության հրապարակած սկանդալային ձայնագրություններին, որոնցում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի տղան` Բերան, Իրակլի Ղարիբաշվիլիի ու մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսում են սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողած որոշ օգտատերերի պատժելու թեմայով.
Վարչապետը սա կեղծիք ու կեղտոտ սադրանք է որակել. «Ես չեմ ուզում արդարանալ այդ կեղտոտ սադրանքների պատճառով, բայց քանի որ հանրության շրջանում հարցեր են ծագել, պարզաբանեմ: Դրանք 11 տարվա վաղեմության ձայնագրություններ են, կեղծված, կազմված մի քանի խոսակցություններից: Սա սովորական կեղծիք է»:
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ 2015-ին ինքը հրաժարական է տվել, մասնավոր սեկտոր տեղափոխվել.
«Ինչո՞ւ են ինձ գաղտնալսել` որպես մասնավոր անձ, կամ 15-ամյա Բերային: Այն ժամանակ չկար «Վրացական երազանքը», Իվանիշվիլին քաղաքականության մեջ չէր: Մենք բոլորս տոտալ գաղտնալսման զոհեր էինք»:
Ըստ Ղարիբաշվիլիի` հենց այս փուլում ձայնագրությունների հրապարակումը մի նպատակ ունի` տապալել բանակցությունները. «սա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինտրիգներն են», ամեն դեպքում Ղարիբաշվիլին հույս է հայտնում, որ ընդդիմության կառուցողական հատվածը չի տրվի այս սադրանքին:
Տարածված ձայնագրության վերաբերյալ մեծ արձագանքից հետո Բերան հարցազրույց տվեց Imedi հեռուստաընկերությանը և գրեթե չհերքեց ձայնագրությունների իրական լինելը:
Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել` մասնավոր հաղորդակցության գաղտնիության խախտման հոդվածով: Դատախազությունը դատարանից թույլտվություն է ստացել` հեռուստաընկերությունից պահանջել ձայնագրությունը պարունակող կրիչը, հրաժարվելու դեպքում՝ ստանալ ստիպողական կարգով:
Հեռուստաընկերությունը չի հրաժարվում համագործակցել դատախազության հետ, սակայն չի պատրաստվում հրապարակել աղբյուրը:
Հատկանշական է, որ դեպքը մեծ արձագանք է գտել նաև միջազգային գործընկերների շրջանակներում, իսկ Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այս գործի հետաքննության առաջնահերթությունը պետք է լինի օրենքի գերակայությունն ու զանգվածային լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքը՝ լրագրողների՝ իրենց աղբյուրները պաշտպանելու իրավունքը։
«Դատական համակարգը պետք է գործի արդար և անկողմնակալ կերպով և չպետք է չարաշահվի ընտրովի հետապնդման միջոցով քաղաքական նպատակներին հասնելու համար»,-ասվում է հայտարարությունում: