Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
Հայտնի է, որ փոխվել է ընտրություններում գրանցման և ձայների հաշվարկման համակարգը. ընտրողների գրեթե 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։
Յուրաքանչյուր ընտրության ժամանակ հասարակության շրջանում տարածվում են զանազան կեղծ տեղեկություններ, որոնք բացասաբար են անդրադառնում քաղաքացիների վրա ճիշտ կողմնորոշման առումով:
Բնակչության շրջանում ամենատարածված ոչ ստույգ տեղեկությունը վերաբերում է տվյալների վերափոխմանը, քանի որ այս տարի կիրառվելու են էլեկտրոնային տեխնոլոգիաներ:
Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի բնակիչ Դավիթ Դարբինյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում վերոնշյալ հարցի շուրջ հետևյալ կարծիքը հայտնեց․
«Ասում են` տեխնոլոգիաները միացված են համացանցին, և շատ հնարավոր է` տվյալների փոփոխություն տեղի ունենա։ Իրականում ստուգման սարքը միացված չէ ինտերնետին։ Չկա այնտեղ բեռնված ցուցակը փոխելու որևէ մեխանիզմ, հետևաբար` դա անհնար է»:
Ստուգիչ սարքի ճիշտ աշխատանքը հաստատել է նաև «Պրո ՎԻ Էնդ ՎԻ» ամերիկյան աուդիտորական ընկերությունը։ Եզրակացության մեջ հստակ ասվում է, որ անհնար է մեկ անձի կրկնօրինակել տարբեր ոլորտներում, քանի որ մարդն ունի միայն մեկ եզակի անձնական համար, և ծրագիրը նույնիսկ տեսականորեն թույլ չի տալիս անձին այլ տարածքում գրանցել։
Դամիա գյուղի մեկ այլ բնակիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանն էլ մեկ այլ ապատեղեկատվության մասին է պատմում.
«Հասարակության մեջ տարածված է թյուր կարծիք, թե անձը կարող է ընտրություն կատարել մեկ ուրիշի փոխարեն` այդ մարդու անձնագրով: Դա թե՛ տեսականորեն, թե՛ գործնականորեն անհնար է, մանավանդ նոր տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում: Զարմանում եմ, ինչո՞ւ են նման սխալ տեղեկություններ տարածելով մարդկանց պահում լարված վիճակում, այդպես հասարակությունը դժվար է կողմնորոշվում ընտրություն կատարելու հարցում»։
Հասարակությունից զատ, մեդիահարթակում նույնպես տարածվում է ապատեղեկատվություն։
- Ապատեղեկատվություն, այսպես կոչված` «կարուսելների» վերաբերյալ (երբ քվեաթերթիկը շրջում է այլ ընտրատեղամասերում)։
Տարածվել է ոչ ստույգ տեղեկություն, թե հնարավոր է, այսպես կոչված, «կարուսելների» իրականացում. սակայն հայտնի է, որ էլեկտրոնային ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկը տեղամասից հանելը գործնականում անհնար է։
Որոշակի ընտրական տեղամասի համար նախատեսված QR կոդը և քվեաթերթիկն այլ տեղամասի ձայների հաշվիչ մեքենան պարզապես չի ընդունի։ Միաժամանակ, եթե քվեաթերթիկում մեկից ավելի նշում է կատարված, ապա դա անվավեր է։ Բացի դրանից, քվեաթերթիկի մեծության պատճառով հնարավոր չէ այն դուրս բերել ընտրատեղամասից և որևէ կերպ շահարկել։
- Ապատեղեկատվություն քվեատուփի և հատուկ ցուցակների վերաբերյալ (մեկ անձը կարող է քվեարկել տարբեր ընտրատեղամասերում)
Փոխանցման տուփի ցուցակում հայտնված անձինք եթե ժամանեն ընտրատեղամաս, որտեղ գրանցված են, ստուգման մեքենան ազդանշան չի տա:
Սա նշանակում է, որ անձն այլ ընտրատեղամասում չի կարող ընտրել, քանի որ ստուգման մեքենան կբացահայտի կեղծիքը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները հիմնականում քվեարկում են այն տեղամասում, որտեղ իրականացնում են իրենց լիազորությունները, հետևաբար, երբ նրանք քվեարկում են այն ընտրատեղամասում, որտեղ գրանցված են, մեքենան տալիս է քվեարկության հնարավորություն և ցույց է տալիս, որ տվյալ անձը գտնվում է հատուկ ցուցակում:
Հիմք ընդունելով այս փաստերը` կարելի է հետևություն անել, որ ընտրությունների ժամանակ տեխնոլոգիայի կիրառմամբ ընտրությունների արդյունքների շահարկման, կեղծման վտանգ չկա, և քվեարկությունը լինելու է գաղտնի: Հետևաբար, միակ կարևոր նախապայմանները քաղաքացիների պատասխանատվությունն ու բարձր ակտիվությունն են: