Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրություններին ընդառաջ շարունակում է արևմտամետ ընդդիմադիր կուսակցություններին/կոալիցիաներին վարկաբեկելու գործընթացը: Այս անգամ «Վրացական երազանք»-ն ընտրաթերթիկների կրկնօրինակված տարբերակներով փորձում է ընդդիմությանը ներկայացնել որպես «Պատերազմի կուսակցություն»:
Համացանցում տարածված ընտրաթերթիկների կրկնօրինակներում, որոնցից ձեռք է բերել նաև «Ալիք Մեդիա Վրաստան»-ը, բոլոր արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների/կոալիցիաների ընտրական համարի առջև՝ անունի փոխարեն, գրված է՝ «պատերազմի կուսակցություն»: Մասնավորապես, որպես «պատերազմի կուսակցություն» են ներկայացվում «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը (4), «Միասնություն — Ազգային շարժում»-ը (5), «Ուժեղ Վրաստան»-ը (9), «Վրաստանի համար»-ը (25):
Ուշագրավ է, որ վերոնշյալ կուսակցությունները/կոալիցիաները միավորվել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիա»-ի շուրջ, որով, ի թիվս այլ հարցերի, համաձայնել են ընտրություններում հաղթելու դեպքում ձևավորել ժամանակավոր կառավարություն և երկիրը վերադարձնել եվրոպական ուղի, որից, ըստ ընդդիմության, քաղհասարակության և փորձագետների՝ շեղվել է «Վրացական երազանք»-ը: Հավանաբար՝ այս պատճառով էլ իշխող թիմի կողմից «արժանացել են» տվյալ մականուններին:
Վարակաբեկված են ներկայացված նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունները. այս դեպքում, սակայն, «Վրացական երազանք»-ը նրանց ավելի «մեղմ» է վերաբերվել, տալով «մեկ հոգանոց կուսակցություն», «երկու հոգանոց կուսակցություն», «երեք հոգանոց կուսակցություն», «չորս անձանի կուսակցություն» մականունները:
Իսկ ահա «Վրացական երազանք»-ն այս կրկնօրինակված ընտրաթերթիկներում ներկայացված է իր համարի ներքո և իր անունով, ավելին՝ հենց իրենց ընտրական համարի դիմացի շրջանը գունավոված է, որոնցով, հավանաբար, փորձում են ընտրողներին ուղղորդել, թե՝ ում ձայն տան:
Այս քայլը նախընտրական շրջանում գտնվող Վրաստանում բուռն քննարկման առիթ է դարձել. ընդդիմությունը և քաղհասարակությունը ծաղրանքով է վերաբերվում «Վրացական երազանք»-ի այս քայլին: Համացանցում, տարածելով լուսանկարները, օգտատերերը գրում են՝ «անօգնականներն այս թերթիկը տարածում են ժողովրդի շրջանում», «գլոբալ պատերազմի կուսակցությունը ո՞ր համարի ներքո է», «գլոբալը մոռացել են», «ինչ կարգի են ընկճված», «բոլոր կուսակցությունների դիմաց «կներեք» պետք է գրեին» և այլն:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային, «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց.
«Իշխանության նպատակն է՝ վարկաբեկել մյուս բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի բնակչությունը բացասական վերաբերմունք ունենա ընդդիմության նկատմամբ»։
Նանուաշվիլիի խոսքով, վերոնշյալ նպատակի համար օգտագործում են մանիպուլյացիա և ատելության խոսք:
«Նպատակը մեկ այլ հակառակորդի վնասելն ու վարկաբեկելն է: Մյուս կողմից, նրանք չեն կարող ազդել արդեն ձևավորված ընտրողների վրա»,- ասաց հանրային նախկին պաշտպանը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմությանը վարկաբեկելու համար իշխող կուսակցությունը նման գործելաոճի է դիմու: Սեպտեմբերի 26-ին Թբիլիսիում և Վրաստանի տարբեր շրջաններում հայտնվել են «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական պաստառները՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» գրությամբ։ Որոշ պաստառների վրա ձախ կողմում պատկերված է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բոգորոդիչնե գյուղի ռմբակոծությունից ավերված եկեղեցին, իսկ աջում՝ Թբիլիսիի Սամեբայի տաճարը։ Պաստառների ձախ կողմում սև ու սպիտակ լուսանկարներ են, իսկ աջ կողմում՝ գունավոր։ Պաստառների ձախ կողմում, որտեղ պատկերված են պատերազմի ժամանակ ավերված ուկրաինական շենքերը, ջնջված են հետևյալ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ընտրական համարները՝ 4 — «Կոալիցիա փոփոխությունների համար», 5 — «Միասնություն-Ազգային շարժում», 9 — «Ուժեղ Վրաստան», 25 — «Վրաստանի համար»:
Օրերս էլ կառավարական քարոզչական POSTV հեռուստաընկերությունը հայտայտացություն է քարոզել՝ նշելով, թե ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն «թաքցնում» և «ամաչում է հայ» լինելու համար: