Կեղծ 100 լարիանոցների շրջանառության դեպք Վրաստանում

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կեղծ փողերի շրջանառության մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել։

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով 2018 թվականից Թբիլիսիում՝ իր տանը, 100 լարիի կեղծ թղթադրամներ է պատրաստել, որոնք հետո վաճառել է Թբիլիսիի առևտրային ցանցում։

Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է, ընդհանուր առմամբ, 800 լարիի կեղծ 100 լարիանոց թղթադրամներ և կեղծ փող արտադրելու համար նախատեսված համակարգչային տեխնիկա։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։