Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է հայաբնակ Գյուլիբաղ գյուղում կառուցված մանկական խաղահրապարակի տարածքը բարեկարգել:
Նախագծի համաձայն՝ կցանկապատվի խաղահրապարակի տարածքը, կավելացվեն երկու ժամանցային ատրակցիոն և այլ խաղային հարմարանքներ: Քաղաքապետարանը որոշել է աշխատանքներն իրականացնել պարզեցված գնման կարգով։
Գյուլիբաղ գյուղի բնակիչ Էդգար Բաղդասարյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ նշված նախագծի իրականացումը նախապես համաձայնեցվել է գյուղի բնակիչների հետ, համապատասխան քննարկումներ են անցկացվել:
«Նախագծի իրականացումը կարևոր է, քանի որ խաղերի հարմարանքները քիչ էին. նշված նախագծին գյուղացիները միաձայն կողմ էին»,- պատմեց Բաղդասարյանը:
Քաղաքապետարանի տեղեկացմամբ` բարեկարգումը կկատարի անհատ ձեռնարկատեր Ասրադ Մուսաևը. ծրագրի արժեքը կկազմի 11 հազար 531 լարի 21 թեթրի։
Հարկ է նշել, որ խաղահրապարակը կկառուցվի «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված գումարի հաշվին:
Նշենք, որ գյուղական ծրագրերի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը հաճախ կիրառում է պարզեցված գնումներ, ինչը թույլատրվում է կառավարության որոշմամբ։
«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2022 թվականին կենտրոնական բյուջեից Մառնեուլիի շրջանին հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի: