ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին: Տեղեկությունը տարածում է ՀՀ վարչապետի մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է Պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում: Կրկին ողջունում եմ Ձեզ»:
Նշվում է նաև, որ հանդիպմանը Վրաստանի պաշտպանության նախարարն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի պատմություն ունեցող անձնավորության հետ, ինչպիսին Դուք եք: Մինչ Պաշտպանության նախարար դառնալը, ես եղել եմ տեղակալն այն նախարարի, որը հետո դարձավ վարչապետ, և ուրախ եմ, որ նրա հետ Ձեր հարաբերությունները հիմք են՝ մեր համագործակցությունը շարունակելու համար: Իմ այցն այդ համագործակցության շարունակությունն է, և այս առաջընթացը, իհարկե, կլինի չընդհատվող, շարունակական: Շատ շնորհակալություն ևս մեկ անգամ»:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել իր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և ընդգծել, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, ինչը լավ հենք է ռազմավարական գործակցության զարգացման համար: Երկկողմ կապերի զարգացման և առկա ներուժի իրացման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:
Ջուանշեր Բուրճուլաձեն արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: