Կայացել է Բոճորիշվիլի-Միրզոյան մամուլի ասուլիսը

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հունվարի 29-ի ուշ երեկոյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Հունվարի 30-ին Հայաստան կմեկնի նաև Իրակլի Կոբախիձեն։

Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է կադրեր, թե ինչպես է Երևան ժամանած Բոճորիշվիլիին դիմավորել Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Առանձին և ընդլայնված կազմով երկու նախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

«Պատիվ ունեմ որպես ԱԳ նախարար առաջին անգամ այցելելու Հայաստանի գեղեցիկ քաղաք` Երևան: Ուրախ կլինեմ ձեզ Թբիլիսիում ընդունելուց հետո նորից այցելել Երևան, սա շատ կարևոր է մեր ռազմավարական գործընկերության համար: Անշուշտ, մեր ռազմավարական գործընկերությունը հիմնված է մեր դարավոր ամուր հարաբերությունների վրա: Հայաստանը մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների թվում է: Եվ կա դրական դինամիկա զբոսաշրջության ոլորտում, քանի որ Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թվով 3-րդ տեղում է ՀՀ-ն», — ասել է Մակա Բոճորիշվիլին:

Բոճորիշվիլին նշել է, որ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար առաջին հերթին հարկավոր է կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները.

«Վրաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Դրա համար հարկավոր է առաջին հերթին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորել: Խոսելով անվտանգության մարտահրավերների մասին տարածաշրջանում, պետք է նշենք Ռուսաստանի կողմից եկող մարտահրավերների մասին, որը օկուպացրել է Վրաստանի 2 տարածաշրջանները», — նշել է Բոճորիշվիլին:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի Թբիլիսի այցելելու հրավերը.

«Չափազանց ուրախ եմ այսօր Հայաստանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում հանդիպելու։ Դա եղել է միջազգային տարբեր հարթակներում։

Մեծ ուրախությամբ եմ Ձեզ հյուրընկալում և նաև մեծ ուրախությամբ լսեցի և ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցով լինել Թբիլիսիում»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանը նաև նշել է, որ Վրաստանը բոլոր հարցերում կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը: