Թբիլիսիում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը կազմակերպել է «Աշնանային ուսանողական գիտաժողով 2023» ամփոփիչ հանդիպումը։
Նոյեմբերի 10-ին կայացած միջոցառմանը ներկա էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ Թբիլիսիից, Սամցխե-Ջավախեթիից և Մառնեուլիից, հրավիրված հյուրեր։ Միջոցառման վերաբերյալ զրուցեցինք Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանի հետ։
Սարգսյանը պատմեց, որ գիտաժողովը մեկնարկել է իրականացված նախագծերի քննարկմամբ․ «Գիտաժողովի ընթացքում Ջավախքից, Մառնուլիից և Թբիլիսիից ուսանողների հետ ամփոփեցինք իրականացված ծրագրերը, նախագծերը, դասընթացները, ունեինք նաև հրավիրված հյուրեր»։
Գիտաժողովի մեկնարկից հետո, որը սկսվել է Էմիլ Սարգսյանի խոսքով՝ ուղղված երիտասարդներին, ելույթ է ունեցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու սարկավագ Գևորգ Ավետիսյանը, ով խոսել է «Պատարագ, պատարագից հետո» թեմայի շուրջ, համայնքում երիտասարդների կարևորության, դերի և նշանակության մասին։
Հրավիրված հյուրերի շարքում էր նաև Վրաստանի կառավարության խորհրդարանային քարտուղարի ծառայության առաջին կարգի խորհրդատու Կարեն Եղիազարանը, ով երիտասարդների հետ քննարկում է ունեցել ազգային փոքրամասնություններ ինտեգրման, ընթացիկ մարտահրավերների և խնդիրների շուրջ։
«Եվ քանի որ մեր երկրի համար կարևոր նորությու է Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին հանձնարարականը, «Նախաձեռնություն հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպության ղեկավար Նանա Փիրցխալաիշվիլին խոսեց «Վրաստանի եվրոպական ընտրությունները՝ ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայի շուրջ», — նշեց Սարգսյանը:
Միջոցառումն իրականացվել է Jinishian Memorial Foundation հիմնադրամի աջակցությամբ «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2022-2023թթ.» ծրագրի շրջանակներում։