Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Մցխեթայի մունիցիպալիտետի մշակույթի և կրթության կենտրոնում տեղի է ունեցել «Աջակցություն՝ ոչ վրացալեզու դպրոցներին» ծրագրի 2022 թվականի ամփոփիչ միջոցառումը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Բերիկա Շուկակիձե դիմել է ներկաներին, խոսել ծրագրի կարևորության մասին և ամփոփել ծրագրի ձեռքբերումները:
Նշենք, որ «Աջակցություն՝ ոչ վրացալեզու դպրոցներին» ծրագրի նպատակն է նպաստել ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ուսուցման գործընթացին, պետական լեզվի ամրապնդմանը և դպրոցական բազայում ոչ ֆորմալ կրթության պրակտիկայի կատարելագործմանը:
2022 թվականի տվյալներով՝ Վրաստանի երեք շրջաններում՝ Կախեթիում, Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում, աշխատում են ծրագրի խորհրդատու և օգնական ուսուցիչներ։ 152 հանրակրթական դպրոցներում աշխատում են ընդհանուր առմամբ 121 խորհրդատու ուսուցիչ, 90 օգնական և 40 երկլեզու օգնական:
«Աջակցություն՝ ոչ վրացալեզու դպրոցներին» ծրագրի շրջանակներում պատրաստվել և հրատարակվել է նաև վրացերեն սովորողների գործնական պարապմունքների ժողովածու, որն ուղարկվել է դպրոցներ՝ որպես ուսուցիչների և աշակերտների ռեսուրս։