Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են Վրաստանի կառավարությունից։
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի վարչապետի Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները, և վերանայվել են տարածաշրջանային նշանակության խնդիրները։
Ընդգծվել է երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի դերը, որը կարևոր հարթակ է երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման համար։ Նշվում է, որ տնտեսական հանձնաժողովը ղեկավարում են վարչապետները, ինչը Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ցուցանիշ է։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։ Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդի դեր կատարել հարևան երկրների միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։