Հոկտեմբերի 14-ին Կախեթիում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման անդամ Էլենե Մեգրելիշվիլին։ Կոալիցիայի մեկ այլ անդամ` Անա Քարթլելիշվիլին, մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոցում է:
Ընդդիմադիր «Ախալի» կուսակցության և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Գվարամիան հայտնել է, որ այդ կապակցությամբ Բաթումիում այսօր նախատեսված միջոցառումները չեղարկվել են։
«Այսօր մեր կուսակցության և կոալիցիայի համար շատ ծանր օր է։ Մենք կորցրինք մեր թիմակից Էլենեին. նա առաջին օրերից մեզ հետ էր, ավտովթարի պահին նրա հետ մեքենայում գտնվող Անա Քարթլելիշվիլին՝ Քարթլելան, ինչպես մենք ենք անվանում նրան, այժմ կյանքի համար է պայքարում։ Այսօր մենք ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել Էլենեի ընտանիքին, ընկերներին, աղոթում ենք Անայի փրկության համար»,- գրել է Գվարամիան։