Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կախա Ծիքարիշվիլիին նշանակել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ։ Այդ մասին ճեպազրույցում ասել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
Ի դեպ, Ծիքարիշվիլին առաջիններից է, որ բացահայտորեն խոսել է դատական համակարգում կլանի գոյության մասին։
Արդարադատության բարձրագույն խորհուրդը դատական իշխանության ամենակարևոր օղակն է։ Խորհուրդը դատավորներ է նշանակում քաղաքային և վերաքննիչ դատարաններում, ինչպես նաև ընտրում և խորհրդարանի հաստատմանն է ուղարկում Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուներին։ Խորհրդում ընդհանուր առմամբ 15 անդամ կա, նրանցից վեցը դատավոր չեն։ Վեց ոչ դատավոր անդամներից մեկին նշանակում է նախագահը, հինգին հաստատում է խորհրդարանը։
Արդարադատության բարձրագույն խորհրդում Վրաստանի նախագահի նշանակած Թամար Ղվամիչավայի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հուլիսի 22-ին։ Թեկնածուներին ընտրելու համար նախագահի աշխատակազմը մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել են.
- Գիորգի Բուրջանաձեն — հանրային պաշտպանի նախկին տեղակալ,
- Դիմիտրի Գաբունիան — նախագահի նախկին խորհրդարանական քարտուղար,
- Մանուչար Կակոչաշվիլին — փաստաբան. նա ևս մեկ անգամ ցանկանում էր զբաղեցնել այս պաշտոնը, բայց խորհրդարանը չաջակցեց նրա թեկնածությանը:
- Կախա Ծիքարիշվիլին — անկախ իրավաբանների խմբի անդամ,
- Թամար Ալփաիձե — Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր։
Հատուկ ստեղծված հանձնաժողովն այս հինգ թեկնածուներից առաջարկել էր Գիորգի Բուրջանաձեին և Կախա Ծիքարիշվիլիին։ Վրաստանի նախագահը նախընտրել է Ծիքարիշվիլիին։