Մի քանի օր առաջ Թբիլիսիում կատաղած շունը 14-ամյա դեռահասի էր վնասել (քերծել). այժմ դեռահասը ծնողների հետ գտնվում է Բոկերիա կլինիկայում։
Կլինիկայից radiotavisupleba.ge լրատվականին ասել են, որ ծնողը չի ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ, այդ իսկ պատճառով չեն կարող մանրամասներ հայտնել։ Թբիլիսիի համաճարակային հսկողության և վերահսկման մունիցիպալ կենտրոնի ղեկավար Ցիցո Դիլեբաշվիլին հաստատել է, որ 14-ամյա տղան կատաղության դեմ երեք պատվաստանյութ է ստացել։
Դեռահասի մասին տեղեկությունը Սննդի ազգային գործակալություն է ներկայացվել դեկտեմբերի 18-ին։ Լուրը հայտնողն ասել էր, որ դեռահասին քերծած շունը սատկել է։ Նա խնդրել էր, որ շնից նմուշառում վերցնեն:
Պատասխանը ստանալուց անմիջապես հետո Սննդի ազգային գործակալությունը դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան հայտարարություն տարածեց, որ շան մոտ կատաղություն է ախտորոշվել և օգնություն խնդրեց դեռահասին գտնելու համար։
Ի դեպ, կատաղության դեմ պատվաստանյութն անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ կատաղահարված կենդանին կծում, քերծում է մարդուն, ինչպես նաև՝ կենդանու թուքը թափվում է մարդու բաց վերքի վրա։ Պատվաստանյութը մեկ անգամ չի տրվում, որոշ դեպքերում անհրաժեշտ է 3 ներարկում, երբեմն՝ 5։ Որոշումը կայացնում է բժիշկը։ Կատաղությունը մահացու է, եթե վարակվածը պատվաստված չէ։