Աննա Արությունովան, կամ ինչպես բոլորն էին նրան անվանում՝ Անոն, ծնվել է Կարսում, որտեղ անցկացրել է երջանիկ մանկություն և պատանեկություն, ամուսնացել է երաժշտի հետ, ունեցել երեխաներ։ Սակայն ամեն ինչ փոխվեց մի գիշերում՝ ամուսնուն սպանեցին, հինգ տարեկան աղջկան թուրքերը տարան, ինքն էլ շատերի հետ բռնեց գաղթի ճանապարհը։
Սա թբիլիսաբնակ Իդա Գալուստյանի հորական տատի մեծ մոր պատմությունն է, ով Եղեռնից մազապուրծ հայերից մեկն էր, որ 1915-ին ոտքով հասավ Վրաստան։ «Ալիք Մեդիային» Գալուստյանը ներկայացնում է նախատատի խորհրդավոր թալիսմանի պատմությունը․
«Նախատատս ամբողջ կյանքում մի վզնոց է կրել, մեդալիոն, բոլորը հետաքրքրվում էին՝ ինչ է, որտեղից․․․ երբեք չէր բացում, գաղտնիք մնաց մինչև ամուսնու՝ Ղազար նախապապիս հուղարկավորման օրը․ ամուսնու հետ մեծ սիրո պատմությունն, ի դեպ, սկիզբ էր առել հենց փախեփախի ճանապարհին, իսկ թալիսմանը պիտի միավորեր նրանց այլ հողում՝ հայրենի եզերքի մի պտղունց հողով», — ասում է Գալուստյանն ու շարունակում․ «Երկար տարիներ անց՝ ամուսնու հուղարկավորման օրը, նախատատս հանել է մեդալիոնը, որում պարզվել է, Կարսի մի պտղունց հողն էր, որ ամբողջ կյանքում վզից կախված, սրտին մոտ է պահել։ Կեսը ամուսնու շիրիմի վրա է լցրել, մյուս կեսը թողել իր համար»։
Իդան՝ վերապատմելով սերնդեսերունդ փոխանցված թալիսմանի պատմությունը, նշում է՝ սա է հայ ժողովրդի ողբերգությունը, ու միաժամանակ մեր հողին, արմատներին կառչելու մեծ մղումը․
«Նախատատս՝ փախստականներին հետևելով, նկատում է հինգ մանկահասակ երեխաների հետ վազող, անհանգիստ և քրքրված հագուստով տղամարդուն։ Վերջինս ձեռքերը տարածելով՝ պարբերաբար բոլորին գրկում էր, սեղմում դեպի իրեն, սփոփվում էր․ կարծես վախենում էր կորցնել նաև ողջ մնացածներին։ Երբեմն փոսեր էր փորում, երեխաներին պահում դրանցում, իսկ ինքը՝ թաքնվում, ինչ-որ տեղ անհետանում ու հայտնվում էր հացի հետ։ Նրա կնոջը սպանել էին թուրքերը, իսկ ինքը ողջ էր մնացել արտաքինի շնորհիվ․ գեղեցիկ, ալեհեր տղամարդուն երիտթուրքերը շփոթել էին մոլոկանի հետ, որոնք այդ կողմերում շատ են եղել, և այդ իսկ պատճառով նրան ձեռք չեն տվել»։
Գալուստյանն ասում է՝ նրանց ճանապարհին կապեց վիշտը․ գեղեցկատես Աննային, երբ թուրքերը տարան, Ղազարը կյանքի գնով փրկեց նրան․
«Նա թուրքերի համար աշխատող մոլոկանին ոսկի է նվիրել՝ գտնելու ու փրկելու Աննային։ Միասին Թելավի հասան հյուծված, սոված, հուսահատ՝ հինգ երեխաներով։ Ղազար նախապապիս կրտսեր երեխան, կարծես վախենալով, որ լավ կնոջը կկորցնի, գրկել է Աննային ու «մայրիկ» անվանել։ Աննան չի կարողացել թողնել Ղազարի երեխաներին՝ այդպիսով դարձել է նրանց մայրը, Ղազարի կինը։ Այնուհետև Թելավիից տեղափոխվել են Թիֆլիս»։
Իդան նշում է, գաղթյալ հայերին մեծ օգնություն են ցուցաբերել թիֆլիսահայերը, հայկական եկեղեցիները և մարդասիրական օգնություն ուղարկած բազմաթիվ երկրներ։ Փախստականների համար բացվել են ապաստարաններ, որտեղ նրանք ապրում էին սարսափելի պայմաններում․ «Ես ապշած իմ ժողովրդի ոգու և մտքի ուժի, աշխատունակության և մշակույթի հանդեպ սիրո վրա, որ օգնեց ոտքի կանգնել, օգտակար լինել և դառնալ արժանի թիֆլիսցիներ»։
«Նախապապս տուն է գնել Միխայլովսկի պողոտայում՝ Լենինգրադսկայա փողոցում, որտեղ ընտանիքը հաստատվել և ապրել է մի ողջ կյանք։ Շուտով նրանք համատեղ երեխա են ունենում, ծնվում է տատիկիս մայրիկը։ Այդ ժամանակ էլ, պարզ է դառնում, որ նախատատիս առաջին ամուսնությունից դուստրը, որին կորցրել էր ճանապարհին, ողջ է։ Աննան առաջին հայացքից ճանաչել է իր Շուշանիկին՝ բնորոշ խալով և նույն մարգարիտ վզնոցի միջոցով, որը նա էր նվիրել դստերը: Ամենահետաքրքիրն այն է, որ աղջիկը ևս ճանաչել է մորը, թեև շատ տարիներ էին անցել։ Նա հայտնվել էր ամերիկյան մանկատանը, որի ղեկավարությունը համաձայնել է, որ Արությունովան որդեգրի աղջկան․․․»։
Այս ուրախ պատմությունը, սակայն, Իդա Գալուստյանի խոսքով տխուր ավարտ ունի՝ Շուշանիկն ամուսնացել է, մահացել ծննդաբերության ժամանակ։
«Վշտից ու արցունքներից մեծ տատս սկսել է կուրանալ, ենթարկվել մի քանի դժվարին վիրահատությունների։ Այն ժամանակ հայտնի պրոֆեսոր Փիփիան չի թաքցրել զարմանքը, երբ բացելով որովայնի խոռոչը՝ հանել է 49 քար․ «Մենք հողի հետ խոտ ենք կերել, որ գոյատևենք», — այսպես է բացատրել Աննան: Բժիշկը ցնցված է մնացել։ Իսկ նախապապս, որ նույնպես վերապրել է մեծ վիշտ, ցեղասպանության բոլոր սարսափները, ուժեղ և համառ մարդ էր, սակայն, նրան էլ սպանել է մեկ այլ ցավ՝ որդու մահը, ով զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ», — հուզմունքով է ավարտում իր ընտանիքի պատմությունը Գալուստյանը։
Նա հավելում է, պատմությունը հիշողություն է, իսկ կյանքը վերադարձ է դեպի արմատները․ «Շատ եմ ցավում, որ այստեղ՝ Վրաստանում, քիչ բան է հայտնի տեղի ունեցածի մասին, սակայն մենք հիշում ենք, շարունակելու ենք պահանջել ճանաչում, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի»։