Մառնեուլիի շրջանի Կարմիրգյուղում բազմաթիվ տեղացիների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունից ստացվող եկամուտն է։
Չնայած սրան` գյուղի բնակիչները բողոքում են, որ շաբաթներ շարունակ ոռոգման ջուր չեն ունենում ջրանցքների խցանման պատճառով։
Այս տարի նույնպես բախվել են նույն խնդրին։ Տեղացիները նաև հավելում են, որ մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նրանք էլ խոստացել են լուծել խնդիրը, բայց միշտ ուշացրել են։
Գյուղացիները պատմեցին, որ գրեթե ամեն ինչ ցանում են` լոբի, կաղամբ, լոլիկ, և հիմնական խնդիրը ջրանցքների մաքրումն է, գյուղում շատ բերք է փչացել։ Հեկտարներով բրոկոլի ու ծաղկակաղամբ ունեին, և այն պատճառով, որ ջրանցքների մաքրման աշխատանքներն ուշացել են, և ոռոգման ջուրն ուշ է հասել այգիներ՝ սածիլներն այրվել են, բերքը՝ փչացել։
Ըստ ստացված տեղեկությունների, ոռոգման ջրանցքների մաքրման աշխատանքներն սկսել են միայն հուլիս ամսվա սկզբին, որը տևել է հինգ օր, իսկ այդ տարածքում ամռան շոգն ուժգին է։
Նշենք նաև, որ Կարմիրգյուղին սպասարկում է Վրաստանի մելիորացիայի վարչությունը։
«Ալիք Մեդիա»-ն կապ հաստատեց Կարմիրգյուղի գյուղապետի հետ` տեղեկանալու համար ջրանցքի մաքրման աշխատանքների ուշացման պատճառի մասին, նաև` թե ինչ վիճակ է հիմա տիրում գյուղում, և արդյո՞ք գյուղացիները ջուր ստանում են, թե` ոչ, սակայն գյուղապետը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի։