Մառնեուլիի քաղաքապետարանը շրջանի Կարմիր գյուղի բնակիչների կարկուտից կրած վնասները փոխհատուցել է՝ տրամադրելով տանիքի մետաղական ծածկեր։ Ըստ քաղաքապետարանի՝ բնակիչներին կտուրներով ապահովելու գործընթացն արդեն մեկնարկել է:
«Կարմիր գյուղում տանիքների ծածկերի բաշխմանը ներկա են եղել կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ, Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին, փոխքաղաքապետեր Զաուր Տաբատաձեն և Լաշա Լոբջանիձեն, ինչպես նաև Մառնեուլիի ավագանու փոխնախագահ Մամուկա Նավերիանին»,- նշված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:
Կտուրները փուլ առ փուլ կփոխանցվեն մինչև 400 ընտանիքի, ինչի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 660 հազար լարի:
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Մառնեուլիի շրջանում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել հայաբնակ Կարմիր գյուղին՝ ավերվել են տանիքները, ոչնչացվել է հեկտարներով բերքը, որը գյուղի ապրուստի թեևս միակ միջոցն է, վնասվել են նաև մեքենաներ: Բերքի վնասի փոխհատուցման մասին քաղաքապետարանում դեռևս չեն խոսում: