Կարիերայի բացակայությունն ու դրա հետևանքները

Գոյություն ունեն հասարակության կողմից չգրված մի շարք օրենքներ և կարծրատիպեր, որոնք բավականին խորքային ուսումնասիրությունների կարիք ունեն: Բազմիցս, թե մամուլում, թե տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվել և իրականացվում են իրազեկող տարբեր ծրագրեր գենդերային հավասարության, տղամարդու ու կնոջ իրավունքների և պարտականությունների մասին: Սովորաբար, ֆինանսական և աշխատանքային պարտավորությունները տղամարդուն են վերագրվում, իսկ կնոջ դերը երեխաների խնամքով զբաղվելն ու տան հոգսերը հոգալն է: Սրա մասին կան բազմաթիվ հետազոտություններ, սակայն կարծես թե բաց է թողնված մի «փոքր» հանգամանք, որն ունենում է բազմաթիվ «մեծ» հետևանքներ: 

Խոսքը չաշխատող կանանց մասին է, ովքեր ամբողջ կյանքում չեն ունեցել սեփական քայլերն անելու հնարավորություն: Չի եղել միջավայր, որտեղ կարող են արտահայտվել և դրսևորվել: Ամուսնանալուց հետո նրանց կյանքը տեղափոխվում է մի տարածք, որտեղ ինքը մայր է և վերջապես կարող է «ինքնահաստատվել»՝ բառի բոլոր իմաստներով: 

Այս կանայք, չունենալով մասնագիտական կրթություն, ինչ-որ տեղ իրենց կյանքը համարելով չստացված, իրենց ողջ կյանքի ցանկություններն ու երազանքները պարտադրում են  սեփական երեխաներին: Եթե երեխաների նախասիրություններն ու կարողությունները որոշ չափով համապատասխանում են մայրիկի ծրագրերին, ապա երեխայի մանկությունը որոշ չափով ստացվում է: Իսկ եթե ոչ, նրանց առանց այդ էլ չստացված կյանքին ավելանում է ևս մի խնդիր և երեխան դառնում է իսկական «պատուհաս»: 

Երբեմն տեսանելի չեն լինում այն հոգեբանական ճնշումները, որոնք այս դասի մարդիկ գործադրում են իրենց երեխաների վրա: Նմանատիպ խնդիրները հիմնականում ի հայտ են գալիս երեխաների սոցիալական վարքի և սոցիալականացման ժամանակ: Պատմում է դպրոցին կից աշխատող հոգեբանը:

Հետազոտության ընթացքում, որն իրականացվել է ուսուցիչների և հոգեբանի կողմից համատեղ (հիմնականում տարրական դպրոցի), պարզ է դարձել, որ հոգեբանական, ինչպես նաև ֆիզիկական  ճնշումների ենթարկվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ որպես կանոն այս ընտանիքների կանայք չեն աշխատում, չունեն հետաքրքրություններ և այլ նախասիրություններ, իրենց հիմնական գործը համարում են երեխաների «դաստիարակությունը»: 

Այս կանանց մոտ նկատելի է նաև ընդգծված ագրեսիվ վերաբերմունք այլոց նկատմամբ և ակնհայտ ինքնապաշտպանական ռեակցիա տեղի ունեցող իրավիճակներում: Թվում է, իրենց անհաջող կյանքն ու սոցիալական կարգավիճակն  են հիմք հանդիսանում նման վարքագիծ դրսևորելու համար, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք ագրեսիվ են նաև ընտանիքում և վնասում  են սեփական երեխաների հոգեբանական անվտանգությունը: 

Վերոնշյալ դեպքերը բազմաթիվ են և պահանջում են խորքային ուսումնասիրություններ ու իրավիճակային լուծումներ: Ցանկացած կնոջ համար պետք է ստեղծվի մի միջավայր, որտեղ ինքը կլինի կայացած, կունենա անձնական տարածք և ինքնադրսևորվելու և ինքնակատարելագործվելու հնարավորություններ: Այստեղ շատ  կարևոր է դպրոցի և համայնքի կապը, խնդիրների բացահայտումն ու լուծումը, ինչի համար կարևորվում է սոցաշխատողի ու հոգեբանի համատեղ աշխատանքը:

Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն — Քվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը`Քվեմո Քարթլիի շրջանում կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները: