Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը կսահմանափակվի։
Վարչապետը նշել է՝ որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից. նա այս որոշումը կապել է օդի աղտոտվածության դեմ պայքարի հետ։
Ըստ նրա՝ նույն օրենքը բեռնատարների և ավտոբուսների համար կգործի 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն այս հարցը դեռ քննարկումների փուլում է:
«Մենք որոշում ենք կայացրել երկրում ներդնել ավտոմեքենաների «Եվրո 5» ստանդարտը, ինչը գործնականում նշանակում է, որ կսահմանափակվի մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների ներկրումը։
«Եվրո 5» ստանդարտից ցածր մեքենաներն այլևս չեն գրանցվի երկրում։ Որոշումը չի տարածվում վերաարտահանման և տարանցման նպատակով ներկրվող, ինչպես նաև արդեն իսկ երկրում առկա մեքենաների վրա»,- նշել է վարչապետը։
Ի դեպ, Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ երկրից ավտոմեքենաների կատալիզային չեզոքարարների (կատալիզատորների) արտահանումն արգելվելու է։