Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարության հաղորդագրության համաձայն, ԿԳ նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ առաջատար և մենթոր ուսուցիչների կարգավիճակը բարձրացնելու հմտությունների քննության գրանցումը հետաձգվել է մինչև 2024 թվականի սկիզբ։
Ըստ ԿԳ նախարարի՝ այս փուլում ուսուցիչներն անցնում են պորտֆոլիոյի (մասնագիտական գործունեության թղթապանակի-խմբ.) գնահատման փուլը, որը լրացուցիչ թույլ կտա ճիշտ վերլուծել ուսուցիչների կարիքները։
«Սակայն այս գործընթացը չի ազդի հայտարարված ժամկետների վրա, և նրանց հնարավորություն կտրվի բարձրացնել իրենց կարգավիճակը մինչև 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը»,- ասել է նախարար Ամիլախվարին։
Ի դեպ, Վրաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին գործում է ուսուցչի երեք հիմնական կարգավիճակ՝ ավագ, առաջատար, մենթոր: Միայն ոչ վրացալեզու դպրոցների մայրենի լեզվի ուսուցիչները կարող են դպրոցում աշխատել պրակտիկոս ուսուցչի կարգավիճակով: