«Ուժեղ Վրաստան». ամեն ինչ կոալիցիայի մասին

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում է ընտրական սուբյեկտների՝ միավորումների և կուսակցությունների քաղաքական անցյալը, խոստումները, ցուցակները, առաջնորդների մասին տեղեկությունն ու քաղաքական ուժերի գաղափարախոսությունները:

2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում վրաստանյան ընդդիմության զգալի մասը մասնակցելու է միավորումների ձևով. պատճառն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած օրենքն է, ըստ որի՝ խորհրդարան մտած ընդդիմադիր ուժերը չեն կարող միավորվել հենց խորհրդարանում: Միավորման պատճառներից է նաև բարձր ընտրական շեմը, որը Վրաստանի պարագայում 5 տոկոս է: Ակնառու ընդդիմադիր կոալիցիաներից է «Ուժեղ Վրաստան»-ը, որը միավորում է Մամուկա Խազարաձեի «Լելո», Անա Դոլիձեի «Ժողովրդի համար», Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» քաղաքական ուժերին և «Ազատության հրապարակ» քաղաքացիական շարժմանը: 

«Ուժեղ Վրաստան»-ն ընտրություններին մասնակցելու է 9 համարի ներքո: Ուշագրավ է, որ ընդդիմադիր կոալիցիային է միացել նաև Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Ինչ է խոստանում «Ուժեղ Վրաստան»-ը

Ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան»-ի 2024 թվականի նախընտրական ծրագիրը կոչվում է  «Իլիայի ուղին»։ Ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել Սագուրամոյում՝ Իլիա Ճավճավաձեի հուշարձանի մոտ, որտեղ ընդդիմադիրները ներկայացրել են ծրագրի հիմնական կետերը։

«Լելո»-ի առաջնորդ Մամուկա Խազարաձեն ընտրողների հետ խոսել է սոցիալ-ենթակառուցվածքային նախագծերի և ռուսական օկուպացիայի դեմ իրենց տեսլականի մասին, խոստացել է կատարել ԵՄ-ի առաջարկած 9 բարեփոխումների ծրագիրը, արագ միավորվել և անդամակցել Եվրամիությանը: Խազարաձեն նաև ասել է, որ կզարգացնեն այնպիսի նախագծեր, ինչպիսին է Անակլիան: Նա կրկին խոստացել է 200 հազար աշխատատեղի ստեղծում և 1000 լարի թոշակ:

Ընդդիմադիր «Ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Անա Դոլիձեն ներկայացրել է բնակչության համար արժանապատիվ և նվազագույն աշխատավարձ սահմանելու ծրագիրը, որը, ըստ նրա, կապահովի, որ Վրաստանում ոչ ոք չաշխատի «ստրուկի աշխատավարձով»։ Դոլիձեն, արժանապատիվ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ, խոստացել է աջակցել փոքր և միջին ձեռնարկատերերին` ներդրողներ բերելով երկիր:

Կոալիցիայի անդամ «Ազատության հրապարակ»-ի առաջնորդ Լևան Ցուցքիրիձեն կենտրոնացել է կրթական բարեփոխումների վրա և նշել, որ բարեկեցության բարձրացումը կրթական բարեփոխումների և դրա որակի բարձրացման կարևոր բաղադրիչն է: Ընդդիմադիր կոալիցիայի նախընտրական խոստումներն ավելի մանրամասն հասանելի է այստեղ:

«Ուժեղ Վրաստան»-ի նախընտրական ցուցակը

Կոալիցիայի նախընտրական ցուցակը կազմված է 104 թեկնածուից։ Նշված թեկնածուների թվում չկա Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին. վերջինս սեպտեմբերի 25-ին «Ուժեղ Վրաստան»-ին միանալուց հետո ասել էր, որ օրենսդրական գործունեությունն իրեն չի հետաքրքրում, կարևորը քաղաքականությանը մասնակցելն է։ Ցուցակում ընդգրկված չէ խորհրդարանի նախկին նախագահ, «Լելո» պատգամավորական խմբի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին։

«Ուժեղ Վրաստան»-ի ցուցակը` ստորև.

  1. Մամուկա Խազարաձե — «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդ
  2. Անա Դոլիձե — իրավաբան, քաղաքական գործիչ, «Ժողովրդի համար» կուսակցության հիմնադիր
  3. Բադրի Ջափարիձե — «Ուժեղ Վրաստան»-ի հիմնադիր
  4. Անա Նացվլիշվիլի — պատգամավոր
  5. Լևան Ցուցքիրիձե — «Ազատության հրապարակ»-ի հիմնադիր
  6. Իրակլի Կուպրաձե — «Ուժեղ Վրաստան»-ի գլխավոր քարտուղար
  7. Քեթևան Թուրազաշվիլի — «Քաղաքացիներ» խորհրդարանական քաղաքական խմբի անդամ
  8. Սաբա Բուաձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ
  9. Սալոմե Սամադաշվիլի — պատգամավոր
  10. Դավիթ Ռաքվիաշվիլի — Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար
  11. Թամար Լալիաշվիլի — Գերագույն դատարանի նախկին դատավոր
  12. Գրիգոլ Գեգելիա — քաղաքական տեսության դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի միջազգային քարտուղար
  13. Լևան Սամուշիա — փաստաբան, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
  14. Փիքրիա Չիխրաձե — Վրաստանի խորհրդարանի երեք գումարումների անդամ, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ
  15. Գիորգի Ուշիկիշվիլի — բանահավաք
  16. Վախթանգ Սուրգուլաձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ
  17. Լանա Գալդավա — իրավագիտության դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ
  18. Մակա Նուցուբիձե — փաստաբան, հանրային իրավունքի դոկտոր
  19. Մեդեա Մետրևելի — բանասիրական գիտությունների դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի քաղխորհրդի անդամ
  20. Ալեկո Էլիսաշվիլի — պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր
  21. Բակուր Կվաշիլավա — քաղաքական գիտությունների դոկտոր
  22. Ագիլ Մուստափաև — փաստաբան, քաղաքացիական ակտիվիստ
  23. Իրակլի Քոբալիա — «Ազատության հրապարակ»-ի համահիմնադիր
  24. Իրակլի Ուցինաշվիլի — բնապահպանության ակտիվիստ
  25. Գիորգի Ռեխվիաշվիլի — փաստաբան, «Քաղաքացիներ» կուսակցութուն
  26. Օթո Փարուլավա — քաղաքացիական ակտիվիստ, «Լելո»-ի երիտասարդական կազմակերպության նախագահ

Կոալիցիայի ամբողջական կազմը վրացերեն հասանելի է այստեղ, հայերեն՝ այստեղ: 

Ստորև` «Ուժեղ Վրաստան» կոալիցիայում միավորված կուսակցությունների մասին

Մամուկա Խազարաձե, «Լելո»

Վրաստանյան ընդդիմադիր «Լելո» կուսակցությունն աջ ցենտրիստական ​​կուսակցություն է, որը 2019 թվականի դեկտեմբերի 22-ին ստեղծել են TBC բանկի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն: «Լելո»-ն Եվրամիության լիբերալների և դեմոկրատների ALDE կուսակցությունների դաշինքի լիիրավ անդամ է։ «Լելո»-ի ստեղծումից առաջ` 2019 թվականի հուլիսին, սկսվել էր  Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ հետաքննությունը, գումարած` Անակլիա նավահանգստի կառուցման հետ կապված խնդիրները, որը պետք է կառուցեր Խազարաձե-Ջափարիձեի հիմնած «Անակլիայի զարգացման կոնսորցիումը»։

Վրաստանի գլխավոր դատախազությունը 2019 թվականի հուլիսի 24-ին հայտնել էր, որ TBC բանկի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն մեղադրվել են խմբակային կերպով 16 մլն 754 հազար ԱՄՆ դոլարի անօրինական եկամուտն օրինականացնելու մեջ, որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտների ստացմամբ։ Մեղադրյալները գործում քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանց խոսքով, կառավարության նպատակն էր կանխել Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը: 

2020 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքեց 3,15 տոկոս, ինչը նշանակում է, որ կուսակցությունը հաղթահարել էր 1 տոկոսի ընտրական շեմը, ընտրվել էր խորհրդարանի 4 պատգամավոր. պատգամավորների թվում էին՝ Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Դավիթ Ուսուփաշվիլին և Անա Նացվլիշվիլին: Մյուս ընդդիմադիրների պես, «Լելո»-ն նույնպես պնդում էր, որ ընտրությունները կեղծվել են, ուստի «Լելո»-ի անդամները` մյուս ընդդիմադիրների հետ, բոյկոտեցին 10-րդ գումարման խորհրդարանը. բոյկոտը տևեց գրեթե 5 ամիս։ 

2021 թվականի ապրիլի 19-ին Եվրամիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմության և իշխող «Վրացական երազանք»-ի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի արդյունքում 12 ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում՝ «Լելո»-ի 4 անդամները, մտան խորհրդարան։

2024 թվականի հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ կուսակցությունը ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստեղծած «Վրացական խարտիա»-ն։

«Լելո»-ի 2020 թվականի նախընտրական ծրագիրը կոչվում էր «Մարշալի ծրագիր»: Ըստ կուսակցության՝ սա Վրաստանի վերակառուցման ծրագիրն էր: «Մարշալի ծրագիր» անվանումը նույնական է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծած «Մարշալի ծրագրի» հետ, որի նպատակն էր 1940-ականների վերջին Երկրորդ համաշխարհային պատերազմից տուժած Եվրոպայի արագ վերակառուցումը, որին այնուհետև հետևեց Եվրոպայում արագ տնտեսական աճը:

«Լելո»-ն 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ խոստանում էր. 

  • 200 հազար աշխատատեղ ու 3000 լարի աշխատավարձ, ֆինանսների հասանելիություն, 
  • աշխատողների որակավորում, 
  • ենթակառուցվածքների ստեղծում, 
  • համընդհանուր առողջապահություն՝ մասնավոր ապահովագրության ներգրավմամբ,
  • դեղորայքի էժանացում և մենաշնորհի դեմ պայքար, 
  • մասնավոր ընկերությունների ներառում համընդհանուր ապահովագրության պետական ​​ծրագրում, 
  • վերարտադրողական առողջության ապահովագրություն, 
  • ապակենտրոնացված դպրոցներ, հանրակրթություն և լեզվի խնդիր («Լելո»-ի կրթության տեսլականը ներառում էր մի քանի ուղղություններ, որոնցից մեկը լեզվի խնդիրն է։ Մասնավորապես, «Լելո»-ն կարծում էր, որ պետությունը պետք է հոգա Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների լեզուների ուսուցման հարցը):
  • այլընտրանքային արևմտամետ վեկտոր և Ռուսաստանի հետ ուղիղ ձևաչափի դադարեցում,
  • դատական ​​համակարգի «վիրահատական միջամտություն»,
  • բռնության դեմ անզիջում պայքար։

Ալեկո Էլիսաշվիլի, «Քաղաքացիներ»

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Ալեկո Էլիսաշվիլին հիմնեց «Վրաստանի քաղաքացիական շարժում»-ը։ Շարժման համահիմնադիրներն էին այսօրվա հանրային պաշտպան Լևան Իոսելիանին և Վատո Սուրգուլաձեն։ Այն ժամանակ Ալեկո Էլիսաշվիլին չէր բացառել, որ շարժումը հետագայում կդառնա կուսակցություն։ 

2020 թվականի օգոստոսի 4-ին Ալեկո Էլիսաշվիլին հիմնեց «Քաղաքացիներ» կուսակցությունն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրութուններից առաջ և միացավ ընտրարշավին: Կուսակցության գաղափարախոսությունը պոպուլիզմն ու եվրոպամետությունն են, քաղաքական դիրքորոշումը՝ ցենտրիզմը:

2020 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքեց 25 հազար 508 ձայն և կարողացավ մտնել խորհրդարան։ Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին խորհրդարանի պատգամավոր են ընտրվել կուսակցության ցուցակով։ Կուսակցությունն ուներ իր մեծամասնական թեկնածուները, որոնց թվում էր կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլին։ Նա առաջադրվել էր Սաբուրթալո մեծամասնական շրջանում, որտեղ առաջին փուլում հավաքել էր ձայների 19,38 տոկոսը (14 հազար 181 ձայն): 

Էլիսաշվիլին, ողջ ընդդիմության հետ միասին, բոյկոտեց երկրորդ փուլը՝ կեղծված ընտրությունների հիմքով, չնայած նրա անունը քվեաթերթիկում էր: Երկրորդ փուլում նա հավաքել էր ձայների 10,08 տոկոսը (2770 ձայն)։ Կուսակցությունը մեծամասնական թեկնածուներ էր առաջադրել նաև թիվ 22, 24, 28, 30, 21 ընտրատարածքներում։ Ընդհանուր առմամբ, ստացել էին 25 հազար 508 ձայն կամ ձայների 1,33 տոկոսը: Արդյունքում խորհրդարանում 150 մանդատից ստացան 2-ը:

«Քաղաքացիներ»-ը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ խոստանում էր.

  • պետական ​​սեփականություն հանդիսացող վարելահողերի անվճար սեփականաշնորհում,
  • բյուրոկրատիայի չափի կրճատում մեկ երրորդով,
  • զեղչեր փոքր և միջին ձեռնարկատերերի համար,
  • ուղղակիորեն ընտրված դատավորներ և ուսուցիչների ընտրությամբ դպրոցի տնօրեններ,
  • զորակոչի ժամանակավոր մորատորիում, որին հաջորդելու էր վեց ամսվա պարտադիր զինվորական ծառայությունը, այդ թվում՝ կանանց համար,
  • քաղաքացիական հրաձգարանների մշակում,
  • ուսուցիչների մասնագիտական ​​վերապատրաստման ֆինանսավորման ավելացում:

«Քաղաքացիներ»-ը մասնակցել էր նաև 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին՝ ստանալով 14 հազար 669 ձայն կամ ձայների 0,83 տոկոսը:

2024 թվականի հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիներ»-ը ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստեղծած «Վրացական խարտիա»-ն։

Անա Դոլիձե, «Ժողովրդի համար»

2020 թվականի մայիսի 21-ին Անա Դոլիձեն հիմնեց «Ժողովրդի համար» քաղաքացիական շարժումը և դադարեցրեց աշխատանքն Արդարադատության բարձրագույն խորհրդում, որտեղ նշանակվել էր նախագահի քվոտայով։ Նրա խոսքով, շարժման նպատակն էր «մաքուր ձեռքերով» ստեղծել քաղաքական նոր իրականություն, որը վերջ կդներ երկբևեռությանը։ 

Սակայն մեկ տարի անց՝ 2021 թվականի մայիսի 22-ին, աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություներից առաջ, հիմնեց «Ժողովրդի համար» կուսակցությունը, որի հիմնաքարը սոցիալական արդարությունն է։ Կուսակցության գաղափարախոսությունը պրոգրեսիվիզմն է, քաղաքական դիրքորոշումը՝  ձախ ցենտրիզմը:

2021 թվականի ՏԻՄ ընտրություններում որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու ներկայացվել է կուսակցության նախագահ Անա Դոլիձեն. ստացել էր ձայների 4,56 տոկոսը (21 հազար 935 ձայն) և զբաղեցրել չորրորդ տեղը:

«Ժողովրդի համար» կուսակցությունը ներկայացված էր Թբիլիսիի բոլոր տասը մեծամասնական շրջաններում և յոթ մունիցիպալիտետներում. դրանք են՝ Մեստիան, Օզուրգեթին, Չխորոծկղուն, Կազբեգին, Քութաիսին, Ռուսթավին, Օնին։ Կուսակցությունը նշված շրջաններում ստացել էր 14 հազար 988 ձայն և ստացել մեկական մանդատ Թբիլիսիի և Կազբեգիի սակրեբուլոյի մունիցիպալիտետներում։

2024 թվականի հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ «Ժողովրդի համար» կուսակցությունը ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստեղծած «Վրացական խարտիա»-ն։

«Ազատության հրապարակ» քաղաքացիական շարժում

«Ազատության հրապարակ» («Թավիսուփլեբիս մոեդանի») քաղաքական շարժումը հուլիսի 1-ին հիմնել է «Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն»-ի (EECMD) ղեկավար Լևան Ցուցքիրիձեն` իր համախոհների հետ: Շարժման անդամներն են՝ Բակուր Կվաշիլավան, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի իրավունքի և քաղաքականության դպրոցի դեկան Սիմոն Ջանաշիան, կրթության փորձագետ Դավիթ Գզիրիշվիլին, բժիշկ Օկտայ Կազումովը, բանասեր Իրմա Զոիձեն, լրագրող Զուրա Փարջիանին, արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչության նախկին փոխտնօրեն  Գիորգի Շաիշմելաշվիլին և այլք:

Շարժման շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Թբիլիսիում՝ Խաղաղության կամրջի մոտ։ Ցուցքիրիձեի խոսքով, իրենց հիմնական խնդիրը Վրաստանում ժողովրդավարության պաշտպանությունն է։

«Մենք մեր պարտքն ենք համարում համախմբել խիզախ, իրավասու և հայրենասեր քաղաքացիների՝ փրկելու նպատակով ժողովրդավարությունը և երկրի ապագան: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է քաղաքացիական ու քաղաքական խմբերին համախմբել իրատեսական և հավակնոտ ծրագրի շուրջ»,- ասել է Ցուցքիրիձեն:

«Ազատության հրապարակ»-ը սատարում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիա» նախաձեռնությանը: Շարժման պնդմամբ՝ քաղաքական գործունեություն են սկսում ոչ թե քաղաքական տարածքը պառակտելու, այլ համախմբելու համար, և այդ օրվա հանդիպումը դրա սկիզբն է:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։