Վրաստանի «Մեդիա զարգացման հիմնադրամը» (MDF)՝ «Միթերի դետեկտոր» նախագծի շրջանակում ուսումնասիրություն է հրապարակել, որը նկարագրում է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ռազմավարությունն ու դրա դեմ տարածվող տեղեկատվությունը։
Ըստ ուսումնասիրության՝ «Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջի գրառումներն ակտիվորեն լուսաբանվում են կառավարությանը սպասարկող քաղաքականության լրատվամիջոցներով։
Ուսումնասիրության արդյունքների համաձայն.
- Իշխող կուսակցության էջը, առանց որևէ հիմնավորման, քննադատողների հայտարարությունները կամ գործողությունները գնահատում է որպես սեքսիզմ, ատելության խոսք կամ հակաժողովրդավարական և վարկաբեկող քարոզարշավ՝ արժեզրկելով այդ հասկացությունները:
- «Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջի հրապարակումները պարբերաբար տարածվում են մարզերում և Թբիլիսիում պետական կառույցներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից, ովքեր օրենքով պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն:
- Հանրային ծառայողները և քաղաքական պաշտոնյաները համակարգված կերպով տարածում են«Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջի գրառումները, տարածողների ցանկում ներգրավված են նաև կեղծ օգտահաշիվներ։
«Ֆեյսբուքյան էջի թիրախը բոլոր այն դերակատարներն են, ովքեր քննադատական գնահատական են տալիս իշխանությանը՝ լինի դա քաղաքացիական ակտիվիստ, հասարակական և փաստերը ստուգող կազմակերպություն, ընդդիմադիր քաղաքական գործիչ, փորձագետ, թե լրատվամիջոց…»,- նշված է «Միթերի դետեկտոր»-ի հետազոտության մեջ։
Ի դեպ, «Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2021 թվականի հունիսի 9-ին և գրված է, որ այն նպատակ ունի «բացահայտել» Վրատսանի իշխող «Վրացական երազանք»-ի դեմ կեղծ տեղեկատվության տարածումը։