Վրաստանում գործող 22 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Վրաստանի կառավարությանը և կոչ արել հստակ դիրքորոշում որդեգրել ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ բացահայտորեն աջակցելու Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։
ՀԿ-ները նաև կոչ են արել երկրի կառավարությանը տեղեկացնել հանրությանը Վրաստանի վրա ընթացող պատերազմի տնտեսական ազդեցության մասին։
«Այժմ կա պատմական հնարավորություն՝ հաջողությամբ պսակելու վրացիների բազմաթիվ սերունդների ցանկությունն ու ձգտումը՝ Վրաստանը դարձնել արևմտյան աշխարհի լիիրավ անդամ, ինչպես սահմանված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Ուստի այսօր ոչ ոք չպետք է կասկածի Վրաստանի դիրքորոշմանը՝ Վրաստանը պետք է միանշանակ կանգնի Արևմուտքի և զարգացած աշխարհի կողքին, վրաց ժողովուրդը թույլ չի տա հակառակը։ Ցավոք, վրացական կառավարության ձեռնարկած քայլերը, նրա անորոշ և անհետևողական հռետորաբանությունը կասկածներ են հարուցում նրա՝ որպես Արևմուտքի գործընկերոջ վստահության և հավատարմության վերաբերյալ»,- ասված է ՀԿ-ների տարածած հաղորդագրությունում։
ՀԿ-ներն առաջ են քաշել հետևյալ քայլերը, որպեսզի Վրաստանի ռազմավարական շահերը լիարժեք և հստակ արտահայտվեն.
- իշխող ուժը բացահայտ և միանշանակ պետք է հայտարարի, որ երկիրն աջակցում է Ուկրաինային, ինչպես նաև Արևմուտքի կողմից ձեռնարկվող ուկրաինամետ քայլերին և դադարեցնի միջազգային վարկանիշը խաթարող դիրքորոշումները,
- «Վրացական երազանքը» պետք է անհապաղ դադարեցնի իր քաղաքացիներին պատերազմով վախեցնելը,
- «Վրացական երազանքը» պետք է հրաժարվի ատելության խոսքից, վեր կանգնի նեղ կուսակցական շահերից և ամեն ինչ անի հասարակության բևեռացումը նվազեցնելու համար,
- կառավարությունը պետք է պարբերաբար տեղեկացնի հանրությանը այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են Վրաստանին որպես ԵՄ անդամության թեկնածու պաշտպանելու համար,
- Վրաստանի նախագահի և ընդդիմության մասնակցությամբ կազմակերպել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների և դրանց լուծման ուղիների մասին հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
- խորհրդարանը մեծամասնության, ընդդիմության, իշխանության և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ քննարկում անցկացնի այն մասին, թե ինչպես կանդրադառնան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և պատժամիջոցների հետևանքները Վրաստանի տնտեսության վրա և որն է ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը։
Ըստ ՀԿ-ների՝ «այդ քայլերը պետք է անհապաղ ձեռնարկվեն, որպեսզի երկիրը կարողանա արժանապատվորեն դիմակայել մարտահրավերներին, խուսափել ճակատագրական սխալներից և քաղաքակիրթ աշխարհի կողքին ամուր զբաղեցնել իր արժանի տեղը»։
Հայտարարությունը ստորագրել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը (TI Georgia), Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությունը (ISFED), Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան (GRASS), Բաց հասարակության հիմնադրամը (OSGF), Վրաստանի դեմոկրատական նախաձեռնությունը (GDI), Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) և այլն։