Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ կառավարությունը կքննարկի և խորհրդարանին կներկայացնի երկու կարևոր փաստաթուղթ՝ «Տեսլական 2030» և 2022-2030 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը փաստաթուղթ է, որը մշակվել է միջազգային գործընկերների և ոչ կառավարական հատվածի հետ համագործակցության արդյունքում։ Խոսելով այս փաստաթղթի մասին՝ նա նաև քննադատել է 10 տարի առաջ երկրի ղեկին եղած իշխանություններին՝ շեշտելով, որ ներկայիս իշխանության համար առավել կարևոր է մարդու իրավունքների պաշտպանությունը։
«Մենք շատ լավ հիշում ենք, որ նախորդ իշխանությունների օրոք ժողովրդավարության նշան չկար, մարդու իրավունքները թաղված էին ոտքի տակ բոլոր ուղղություններով։ Իհարկե, դրանից հետո մենք մարդու իրավունքների պաշտպանության առումով արմատապես փոխել ենք իրավիճակը երկրում»,- ասել է վարչապետը։
Խոսելով երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության մասին Ղարիբաշվիլին ասել է, որ «Տեսլական 2030»-ը փաստաթուղթ է, որը ստեղծված է հզոր ժողովրդավարական պետության կառուցման համար։
«Այս փաստաթուղթը հիմնված է ամուր դեմոկրատական մեր ժողովրդի՝ պետություն կառուցելու ընդհանուր ձգտման վրա: Սա մի երկիր է, որը ներառում է կայուն և ներառական տնտեսական զարգացում: Սա մեր ընդհանուր խնդիրն է՝ սոցիալական հավասարությունը, որակյալ առողջապահությունը, կրթությունը, Էկոլոգիապես մաքուր և առողջ միջավայրը, ժողովրդավարության, անվտանգության և կայունության ամրապնդումը: Այս ամենը ձևակերպված է այս փաստաթղթում»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը հիշեցրել է, որ իր գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Ասոցացման խորհրդի 7-րդ նիստին։