«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահի մասին հայտարարության համար։ Մելիան կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ կառավարությունը պետք է որոշի՝ այս խնդրանքն է ավելի կարևոր, թե Կրեմլի հրահանգը:
«Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը միահյուսված է Վրաստանի պետականության և ազատ, արժանապատիվ ու եվրոպական ապագայի հետ։ Դա հաստատեց և հիշեցրեց Ուկրաինայի նախագահն իր ուղերձում։
Վրաստանի կառավարությունը պետք է անհապաղ ազատության որոշում կայացնի, ընդհանուր թշնամու դեմ պայքարող նախագահ Զելենսկիի խնդրանքն է կարևոր, թե Կրեմլից եկող հրահանգը։ Հիմա դա կորոշվի միայն Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ որոշմամբ՝ կլինի բարի, մարդասիրական, խելամիտ, խոհեմ որոշում, թե` մահապատժի դատավճիռ», — ասել է Մելիան։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Վրաստանի ժողովրդին և իշխանություններին մեղմ լինել Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ, հատկապես Սուրբ Ծննդին նախորդող ժամանակահատվածում։
«Ուզում եմ դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին և պարզապես ազնիվ մարդկանց. երևի տեսել եք, թե ինչ վիճակում է Միխեիլ Սահակաշվիլին, ինչպիսի առողջական վիճակում է», — ասել է Զելենսկին դեկտեմբերի 19-ի գիշերվա տեսաուղերձի ժամանակ։