Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 21-ը հաստատվել են կառավարության կողմից դեսպանի և դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում առաջադրված բոլոր 12 թեկնածուները, սակայն կառավարությունը դա հերքում է։
Վրաստանի կառավարության համաձայն՝ գործադիրի կողմից առաջադրված դեսպանների, դիվանագիտական առաքելության ղեկավարների թեկնածուների հարցը նախագահի կողմից բազմիցս մերժվել կամ անպատասխան է թողնվել։
«Վրաստանի Սահմանադրությունը կառավարությանը շնորհում է արտաքին քաղաքականության հարցերով զբաղվելու բացառիկ իրավունք, որը իրենից ենթադրում է դիվանագիտական հարցերով ներկայացուցիչների և դեսպանների նշանակում, հետևել գործընթացին, որ Վրաստանի ներկայացուցիչները այլ երկրներում նշանակվեն ժամանակին։
Այս հարցը այսօր էլ արդիական է, և դիվանագիտական առաքելությունների գործունեության հետ կապված կան դժվարություններ, Վրաստանի կառավարությունը կգործի հայտարարված իրավական պատասխանի համաձայն» — նշված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարությանն ի պատասխան Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմից նշել են, որ նախագահի կամ նրա վարչակազմի հասցեին անհիմն մեղադրանքներն անցանկալի լարվածություն են առաջացնում հասարակության մեջ։
Ըստ այդմ, Վրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագիծը, ըստ որի՝ պետական մարմինը իրավասության վերաբերյալ վեճ կարող է հարուցել ոչ միայն այլ մարմնի կողմից ընդունված նորմատիվ ակտի հիման վրա, այլև գործողության/անգործության հիման վրա, եթե գտնում է, որ մյուս մարմինը խախտել է իր սահմանադրական լիազորությունները։