Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ ավելի քան 20 մլն լարի կհատկացվի հունվարին տարերային աղետից տուժած բնակչությանը փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև մունիցիպալիտետներում տարերային աղետի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։
Ըստ տվյալների՝ բնական աղետների հետևանքները վերացնելու նպատակով մունիցիպալիտետներին կհատկացվի 19 մլն 695 հազար լարի:
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համապատասխան որոշման հիման վրա կառավարության պահուստային ֆոնդից մունիցիպալիտետներին կհատկացվի 1 մլն 470 հազար լարի՝ մասնակի կամ ամբողջությամբ վնասված առանձնատների փոխհատուցման համար։
Նշենք, որ 2023 թվականի հունվարի սկզբին արևմտյան Վրաստանի տարածքում ուժեղ քամին վնասել էր տներ, էլեկտրասյուներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ: Աղետի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել էր, մեկ մարդ` մահացել։