Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի 71-րդ նիստում հաստատվել է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման 2024 թվականի գործողությունների ծրագիրը, տեղեկանում ենք Վրաստանի կառավարության էջից:
Հանդիպումն անցկացվել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Ըստ հաղորդագրության՝ գործողությունների ծրագիրը մշակվել է բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ և ներառում է ասոցացման համաձայնագրով նախատեսված բոլոր ուղղությունները։
Վերոնշյալ հարցերի շուրջ բանախոսները Վրաստանի փոխարտգործնախարար Թեիմուրազ Ջանջալիան և առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին էին։ Հանդիպմանը քննարկվել են խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի սկզբունքների վրա հիմնված եվրոպական միասնական շուկայի ինտեգրման հեռանկարները։
«Վարչապետը նշել է, որ Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը կառավարության կարևոր առաջնահերթություններից է, և Վրաստանի կառավարության նպատակն է մոտ ապագայում սկսել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։
Հանդիպմանը քննարկվել են նաև Եվրոպական խորհրդի սահմանած 9 առաջնահերթությունների գործողությունների ծրագիրը, Վրաստանի անդամակցությանը Միասնական եվրո վճարային գոտուն (SEPA) և արդյունավետ միջոցներ, որոնք անհրաժեշտ են Եվրամիության հետ իրավական մերձեցման գործընթացի պլանավորման, իրականացման և մոնիտորինգի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նիստում լսվել է նաև Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման 2023 թվականի գործողությունների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը։
Հիշեցնենք. 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստացավ: