«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է Վրաստանի կառավության նամակը՝ ի պատասխան ՀԿ-ի դիմումին՝ կապված ապրիլի 24-ին տեղի ունեցածի հետ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվեիձեն մայիսի 3-ին արձանագրությամբ դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, ներքին գործերի նախարարին, Թբիլիսիի քաղաքապետարանին, Վրաստանի Հայ համայնք հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանին և այլոց՝ հարցն ուսումնասիրելու և արդյունքները կառավարությանը ներկայացնելու հայցով:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Դիմումի հեղինակների բացատրությամբ, ընթացիկ տարվա ապրիլի 23-ին և 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցն անցկացնելու հնարավորություն չի տրվել: Պահանջում են, որ նրանց սահմանադրական իրավունքները պաշտպանված լինեն»:
Վրաստանի Հայ համայնք հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանելով, թե ինչո՞ւ է մայիսի 3-ին ուղարկված պատասխանը հրապարակվում հենց հիմա, նշեց, որ սա հիշեցում է կառույցներին, որոնց վերաբերում էր դիմումը, քանի որ դրանց կողմից պատասան դեռևս չկա:
Հետագա քայլերի մասին Մկրտչյանը գերադասեց չխոսել ու նշեց, որ սպասում են մյուս կառույցների արձագանքին:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին կազմակերպությունը տարածել էր նաև դիմումը վրաստանյան իշխանություններին, ներքին գործերի նախարարությանը, Թբիլիսիի քաղաքապետարանին: 5 կետից բաղկացած դիմումի մեջ նշված էր, որ ժամանելով ապրիլի 24-ի ավանդական բողոքի ակցիայի համար նախատեսված տարածք, մասնակիցները ականատես են եղել «կրկեսի»՝ կազմակերպված Թուրքիայի դեսպանության կողմից:
Ապրիլի 24-ին, ավանդույթի համաձայն, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախաձեռնությամբ վիրահայերը բողոքի ցույց անցկացրին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև: Այս անգամ, սակայն, ցույցն ուղեկցվում էր Թուրքիայի դեսպանատան կազմակերպած երեխաների տոնին նվիրված համերգով, ինչը «Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպանը համարեց խաղաղության ուղերձ։