Վրաստանի կառավարությունը դադարեցրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ սահմանադրական վեճը, համապատասխան որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ հայցը մերժելու մասին Վրաստանի կառավարության հայտարարությունը Սահմանադրական դատարանում գրանցվել է 2023 թվականի հունվարի 11-ին։
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ դեսպանների նշանակման իրավունքը նախագահից տարանջատելու համար։ Հունիսի 24-ին դատարանը վարույթ է ընդունել «Վրաստանի կառավարությունն ընդդեմ Վրաստանի նախագահի» հայցը։
2022-ի հուլիսին Զուրաբիշվիլին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պարզաբանել էր, որ դժգոհ է ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Դավիթ Բաքրաձեի աշխատանքից, ինչի պատճառով չի ստորագրել Բաքրաձեի նշանակումը ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում։
Նախագահի խոսքով, Բաքրաձեի դեսպանության օրոք Վաշինգտոնից Թբիլիսի և Թբիլիսիից Վաշինգտոն բարձրաստիճան այցեր չեն կազմակերպվել։ Բացի այդ, Զուրաբիշվիլիի խոսքով, դեսպանը չի կարողացել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Վրաստանի շնորհավորական ուղերձները փոխանցել նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին։
2022 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Զուրաբիշվիլիի օգոստոսի 30-ի հրամանագրով ԱՄՆ նախկին դեսպան Բաքրաձեն նշանակվել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան։ Նախագահը բացատրել է, որ չնայած ԱՄՆ-ում Բաքրաձեի գործունեության շուրջ իր բացասական վերաբերմունքին, ՄԱԿ-ում դեսպան նշանակելու հրամանագիրը ստորագրում է թե պարտադրանքով, այլ այն պատճառով, որ գործընթացը չհետաձգվի։