
Թբիլիսիում գտնվող Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը երկրորդ օրն է, ինչ պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։ X սոցիալական ցանցում Ռոթը գրել է, որ Վրաստանի կառավարության անդամները չեն հանդիպել իր գլխավորած պատվիրակությանը։
«Վրաստանի կառավարությունը հրաժարվել է խոսել մեզ հետ։ Մենք չենք եկել դասեր տալու, թե ինչ անել, այլ եկել ենք՝ քննարկելու ու միմյանց լսելու: Մեզ ընդունել է միայն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, սակայն ոչ թե խորհրդարանում, այլ «Վրացական երազանքի» գրասենյակում»,- գրել է Ռոթը։
Ռոթի հետ Թբիլիսիում են Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերը, Լեհաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը, Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը և Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սեբաստիան Տինկինենը:
Նրանց այցից առաջ՝ մայիսի 10-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել էր, որ չի հանդիպելու եվրոպական երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ, քանի որ նրանք իրենց այցի համար հարմար ժամանակ չեն ընտրել։