Վրաստանի կառավարության երեկվա որոշման համաձայն՝ Թուրքիան ներառվել է այն երկրների ցանկում, որտեղից Վրաստան հնարավոր է այցելել PCR բացասական թեստի հիման վրա: Մինչ այդ որոշում էր կայացվել թույլատրել Վրաստան մուտք գործել Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներին ու ռեզիդենտներին։ Սա վերաբերում է բացառապես օդային ճանապարհով երկրի սահմանը հատելուն:
«Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, համաճարակային ռսիկերը հաշվի առնելով, այս փուլում ցամաքային սահմանների վերաբերյալ գործող ռեժիմը կմնա ուժի մեջ: Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ՝ ընթանում են աշխատանքներ նաև ցամաքային սահմանով երկիր մուտք գործելու ռեժիմի փոփոխության համար: Զուգահեռաբար ընթանում է համաճարակային միտումների դիտարկում և իրավիճակի մանրամասն վերլուծության հիման վրա կկայացվի որոշում»,- ասվում է կառավարության հայտարարությունում:
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» ավելի վաղ հայտնել էին, որ առաջիկայում Վրաստանի ցամաքային սահմանը հատելու ռեժիմի փոփոխություն է սպասվում:
«Դեռևս սահմանը հատելու վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն չկա, բայց սպասում ենք փոփոխությունների: Մոտ օրերին կլինեն քննարկումներ և փոփոխություններ սահմանը հատելու հետ կապված: Այս պահին չենք կարող ասել կոնկրետ երբ կլինի նոր որոշումը, սակայն փետրվարից արդեն հայտնի կլինի ինչ փոփոխությունների մասին է խոսքը և հանրությունը կտեղեկացվի»,- մեզ հետ զրույցում նշեցին կառավարության աշխատակազմից:
Վրաստանի սահմանը հատելու վերաբերյալ առաջիկայում փոփոխություններ են սպասվում. կառավարություն