2023 թվականին Վրաստանի կառավարության գրեթե յուրաքանչյուր չորրորդ որոշումը վերաբերել է պետական գույքի փոխանցմանը, թեև այդ փաստաթղթերից և ոչ մեկը հրապարակային չէ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ նախորդ տարվա հրամանագրերի 23 տոկոսը՝ 531-ից 122-ը, վերաբերել է պետական գույքը տարբեր ձևերով կոնկրետ անձանց փոխանցելուն կամ պետության առջև դրված պայմանների վերանայմանը, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ Այս ռիսկին է նպաստում նախկինում հետաքննող լրագրողների կողմից պետական գույքի ենթադրյալ ապօրինի փոխանցման վերաբերյալ բացահայտված դեպքերի առկայությունը։
Ըստ ՀԿ-ի՝ 2023 թվականին Վրաստանի կառավարությունը 48 նիստերի ընթացքում քննարկել է առնվազն 531 հրամանագրի նախագիծ, որոնցից ոչ մեկը մինչ օրս չի հրապարակվել։ Բացի այդ, կառավարությունը չի հրապարակել 48 նիստերից 4-ի օրակարգը։ Փաստաթղթերը հնարավոր չէ ձեռք բերել նույնիսկ հանրային տեղեկատվություն պահանջելով։
«Կառավարությունը 3 տարուց ավելի է, ինչ որոշումները կայացնում է դռնփակ: Այս մոտեցմամբ իշխանությունը ոչ միայն նվազեցնում է վստահությունն իր նկատմամբ, այլև կասկած է առաջացնում, որ նպատակը կարող է լինել խնդրահարույց որոշումները թաքցնելը»,- նշում են TI-ից:
ՀԿ-ն նաև նշել է, որ կառավարությունը չհրապարակելով հրամանագրերը, վատ օրինակ է ծառայում այլ հասարակական կառույցների համար, միաժամանակ խախտում է նաև մի քանի իրավական ակտեր.
- Վրաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքը,
- ընդհանուր վարչական օրենսգրքի 10-րդ հոդվածի հրապարակայնության սկզբունքը, նույն օրենսգրքի երրորդ գլխով սահմանված հանրային տեղեկատվության տրամադրման կանոնները,
- Կառավարության կանոնակարգը՝ առավելագույնը 3 օրվա ընթացքում կայքէջում որոշումներ տեղադրելու վերաբերյալ:
- Կառավարության որոշումը տեղեկատվության ակտիվ հրապարակման մասին:
TI-ը կառավարությանը կոչ է անու հրաժարվել հրամանագրերը թաքցնելու վնասակար պրակտիկայից, ենթարկվել օրենքին և բոլոր փաստաթղթերը հրապարակել ինչպես իր պաշտոնական կայքում, այնպես էլ՝ օրենսդրական տեղեկագրում, ինչպես նաև՝ պահպանել հանրային տեղեկատվության տրամադրման մասին օրենքով սահմանված բոլոր պահանջները: