Կառավարության ծրագրի շրջանակներում Նինոծմինդայում երկու այգի կվերականգնվի

Վրաստանում գրեթե ավարտվել են կառավարության կողմից ավելի վաղ նախաձեռնած լայնամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ քննարկումները և բոլոր մունիցիպալիտետներում ընտրվել է, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն:

Մայիսի 18-ին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին ժամանել էր Նինոծմինդա և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել առկա առաջնահերթություններին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հայտարարությամբ, կառավարության «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայում նախատեսվում է երկու՝ Հայոս-Քարթլոսի և Ազատության փողոցի այգիների վերականգնում-կառուցում:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ երկրի բոլոր շրջաններում նախատեսվում է իրականացնել քաղաքաշինական նախագծեր, որի շրջանակներում կստեղծվի 15,000 աշխատատեղ: Ղարիբաշվիլի խոսքով նախագծի առաջին փուլի արժեքը 500 միլիոն լարի է, որը կհատկացվի պետական ​​բյուջեից և միջազգային ֆինանսական հաստատությունների օգնությամբ: