«Անակլիայի զարգացման կոնսորցիումը» (ADC) մանրամասն հայտարարություն է հրապարակել միջազգային արբիտրաժային որոշման վերաբերյալ` հայտնելով, որ Վրաստանի կառավարության դեմ հայցը չի բավարարվել։
Խոսքը, մասնավորապես, այն հայցի մասին է, որը Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն Անակլիայի նավահանգստի օտարերկրյա ներդրողների հետ միասին ներկայացրել են 2020 թվականին՝ կառավարությունից պահանջելով 1 մլրդ դոլար փոխհատուցում:
Կոնսորցիումի դիտորդ խորհրդի գնահատմամբ` «արբիտրաժի կայացրած որոշումը հիասթափեցնող է»։ Հայտարարության մեջ նրանք պարզաբանել են, որ արբիտրաժային վճռի և գործընթացի հետ կապված մանրամասները գաղտնի են:
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն չի նշել, թե ինչ է գրված որոշման մեջ, թեև՝ դա անվանել է «հիասթափեցնող»։
«Դատարանի կայացրած որոշումը հիասթափեցնող է այնքանով, որ վրացիները տասնյակ հազարավոր աշխատատեղեր են կորցրել։ Արևմուտքի ֆինանսավորմամբ ժամանակակից Անակլիայի նավահանգիստը, որը վաղուց կառուցված և շահագործված կլիներ, հսկայական հնարավորություններ կստեղծեր Վրաստանի ժողովրդի համար։ Եթե նավահանգիստը ճիշտ զարգացվեր, ապա Վրաստանի քաղաքացիների համար կստեղծվեին տասնյակ հազարավոր արժանապատիվ աշխատատեղեր։
Ցավոք, «Վրացական երազանքը»` Ռուսաստանի պատվերով, տարիներ շարունակ նախ հետաձգեց մեր աշխատանքն այս նախագծի վրա, իսկ հետո ամբողջությամբ արգելափակեց դրա իրականացումը»,- ասել է Խազարաձեն։
Հիշեցնենք. 2017 թվականի դեկտեմբերի 24-ին այդ ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ADC-ի հիմնադիր Մամուկա Խազարաձեն հանդիսավոր ազդարարեցին Անակլիայում նավահանգստի կառուցման մասին։ Գիորգի Գախարիայի վարչապետության օրոք Վրաստանի կառավարությունը 2020 թվականի հունվարի 9-ին հայտարարեց, որ պարտավորությունները չկատարելու պատճառով ADC-ի հետ, որը պետք է կառուցեր Անակլիայի նավահանգիստը, խզվում է պայմանագիրը։
ADC-ի հետ պայմանագիրը խզելուց հետո պետությունը խոստացավ սեփական միջոցներով կառուցել Անակլիայի նավահանգիստը։ Կառավարության տվյալներով՝ ներդրողը նավահանգստում կունենար միայն 49 տոկոս բաժնեմաս։
2024 թվականի մայիսի 29-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ Անակլիայի նավահանգստի 49 տոկոս բաժնեմասը կանցնի չին-սինգապուրյան կոնսորցիումին։
Կոնսորցիումը, որի հետ Վրաստանի կառավարությունը մոտ ապագայում պաշտոնապես կստորագրի Անակլիայի նավահանգստի պայմանագիրը, ներառում է China Communications Construction Company Limited-ը (CCCC), որը գրանցված է Չինաստանում, և
China Harbor Investment-ը (CHI), որը գրանցված է Սինգապուրում: Չնայած CHI-ն գրանցված է Սինգապուրում, սակայն չինական պետական ընկերություն է։ Սա հաստատում են նաև էկոնոմիկայի նախարարությունից։
ADC-ն հիմնադրել է Մամուկա Խազարաձեն և ներառել է Conti International-ը (ԱՄՆ) և TBC Hodling-ը (Վրաստան): ADC-ն և նրա հոլանդացի ներդրող Բոբ Մեյերն արբիտրաժային վեճ են վարում Վրաստանի դեմ։
Կառավարությունը, ծրագրի համար մասնավոր նոր գործընկեր ընտրելու նպատակով, ընտրության նոր գործընթաց հայտարարելու համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել 2022 թվականի երկրորդ կիսամյակում: Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացման գործակալությունը միջազգային խորհրդատուներ է վարձել (առևտրային հարցերով՝ MTBS, իրավական հարցերով՝ Squire Patton Boggs), որոնց ներգրավմամբ էլ պատրաստվել են ընտրության գործընթացի փաստաթղթերը։
2023 թվականի սեպտեմբերի 20-ին Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ երկու ընկերություններն անցել են Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի մասնավոր գործընկերների ընտրության երկրորդ փուլ, թեև նրանց անունները չէին նշվում։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ ընտրության երկրորդ փուլ էին անցել շվեյցարական-լյուքսեմբուրգյան և չին-սինգապուրյան ընկերությունները։
Ուշագրավ է նաև, որ նավահանգստի կառուցման գործում, ըստ նախարարի, մասնավոր գործընկերության ցանկություն են հայտնել չորս ընկերություններ։ Երկրորդ փուլ չանցած երկու ընկերություններից մեկն Իսրայելից էր, մյուսը` Չինաստանից, սակայն անցյալ տարի Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Ադինա Վալեանին ասել էր, որ եվրոպական ընկերությունները նույնպես հետաքրքրված են Անակլիայի նավահանգստով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հայտարարել էր, որ Բաքուն շահագրգռված է Վրաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Անակլիայի նավահանգստում։