Կառավարության անգլալեզու agenda.ge գործակալությունը փակվել է

«Վրացական երազանք»-ի կառավարությունը վերացրել է անգլալեզու կառավարական agenda.ge գործակալությունը, որը 2013 թվականից ի վեր տեղեկատվություն էր տարածում անգլերեն՝ հիմնականում Վրաստանի կառավարության գործունեության մասին։

Դրանից բացի, աշխատանքից ազատվել են Ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի անգլալեզու բաժնի լրատվական կայքի բոլոր տասն աշխատակիցները:

Մարտի 3-ին կառավարության վարչակազմից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ լրատվական գործակալությունը փակվել է «վերակազմակերպման շրջանակում», նաև հաստատել են, որ տասն աշխատակիցների հետ պայմանագիրը խզվել է:

Ազատված աշխատակիցներից Գվանցա Գաբեխաձեն, որ այդտեղ աշխատել է 10 տարի, ասել է, որ իր պայմանագիրը խզվել է հղիության ընթացքում, ինչն արգելված է Վրաստանի գործող օրենսդրությամբ։

«Վերակազմակերպումը» այն հիմնական նախադրյալն է, որը վկայակոչում է «Վրացական երազանք»-ի կառավարությունը 2024 թվականի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո հանրային հատվածում քննադատական ​​ձայները լռեցնելու համար, իսկ ընդդիմացողներին հեռացնում է աշխատանքից:

Տասնյակ գերատեսչությունների մի շարք անձինք արդեն ստացել են պետական ​​ծառայությունից ազատման հրամաններ, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, արդարադատության նախարարության և պաշտպանության նախարարության աշխատակիցներ: