Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին դիսկրեդիտացնելու նպատակով իշխանական, քարոզչական հեռուստաընկերություն «POSTV»-ն հայատյաց հարցադրումներ էր արել վերջինին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել է լրագրողը: Բացի այս, հակահայկական հայտարարություն է տարածել նաև իշխող թիմի ներկայացուցիչը:
Տվյալ հարցը մեծ աղմուկ է բարձրացրել քաղացիական հասարակության շարքում, նրանք բողոքարկում են հայատյաց մոտեցումները, հատկապես երբ սա տեղի է ունենում ընտրություններից առաջ՝ իշխանական լրատվամիջոցի կողմից: Հասարակական կազմակերպություններից PMMG-ն դիմել է Լրագրողական էթիկայի խարտիային:Ալիք Մեդիա Վրաստանը զրուցել է նաև փորձագետների, ակտիվիստների հետ:
Խոսել ենք«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանի հետ, ով գնահատելով իրավիճակը, նշում է, որ պետք է տեղի ունեցածի հետ կապված արձագանք արձանագրվի Վրաստանի էթնիկ հայերի կողմից:
«Հակաարևմտյան և ռուսամետ Վրաստանի իշխող կուսակցության «Վրացական երազանք»-ի կից քաղաքական կենտրոնները՝ ինչպիսիք են Ժողովրդի ուժ և ԶԼՄ կոչված POSTV-ն, բացահայտ հայատյացություն են տարածում՝ թիրախավորելով Վրաստանի հայությանը՝ անվանելով հայ լինելը ինչպես ամոթալի փաստ և սրանող փորձում թիրախավորել ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնց շնորհիվ Վրաստանը պետք է վերադառնա Եվրոպական ճանապարհ՝ «Վրացական երազանք»-ի պարտության և ընդդիմության հաղթանակի հետևանքով, որի շնորհիվ կբացվի Վրաստանի և Հայաստանի միասնական Եվրոպական ապագան»:
Թումասյանը տվյալ իրադարձության հետ կապում է նաև այն, որ « այս օրերին Ռուսաստանից, ինչպես նաև հարևան Ադրբեջանից շատ ակտիվ աջակցում են Վրաստանի իշխող կուսակցությանը, որովհետև բոլորը հասկանում են, որ այս կուսակցության իշխանությունում մնալը փակելու է Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն»:
Թումասյանի գնահատմամբ՝ կառավարող ուժի էությունը, բնությունը ոչ միայն հակաարևմտյան է, այլ նաև հակավրացական և հակահայկական՝ հայատյացական:
«Ես կարծում եմ, որ կոշտ արձագանք պետք է լինի Վրաստանի հայության կողմից այս ընտրություններում «41» համարի դեմ և «4», «5», «9» և «25» համարների դաշինքների կողմ քվեարկելը՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս 4 դաշինքը Վրաստանի նախագահի կողմից առաջարկած «Վրացական քարտիա»-ի ստորագրող ուժեր են: Սա այն բանի համար, որ այս ռուսամետ իշխանությունը պարտություն կրի և հստակ հակահարված ստանա այս հայատյացության պատճառով»,- ասում է Թումասյանը:
Հիշեցնենք. իշխանական POSTV հեռուստաընկերությունը հայատյաց հարցեր է ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին: «Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ «մեղադրելով» նրան «հայ» լինելու մեջ: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Ի դեպ, Վրաստանում առաջին անգամ չէ, երբ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը կիրառվում է իշխանական մեդիայի կողմից՝ դիսկրեդիտացնելով քաղաքական գործիչներին: