Վրաստանում անկախ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների գործունեությունը «գործակալների օրենք»-ի ընդունմամբ վտանգի տակ դնելուց, խաղաղ ցույցերը սահմանափակող օրենքներ ընդունելուց, մեդիա ոլորտը գրաքննության ենթարկող օրենք նախաձեռնելուց հետո «Վրացական երազանք»-ի կառավարության հայտարարությունը «Պետական դրամաշնորհների կառավարման գործակալություն» ստեղծելու մասին փաստում է՝ «Վրացական երազանք»-ը ավտորիտար կառավարման ուղին է շարունակում՝ խարսխելով երկրում, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին փորձագետները:
Ըստ փորձագիտական որոշ շրջանակների՝ «Վրացական երազանք»-ը պատրաստվում է GONGO-ներ (կառավարական ՀԿ-ներ) ստեղծել՝ պատրանք ձևավորելով, թե այդ ՀԿ-ներն անկախ են և պետականամետ. այդ GONGO-ները ծառայելու են «Վրացական երազանք»-ին, ինչը, բնականաբար, վկայում է այն մասին, որ դրանք անկախ չեն գործելու:
Փորձագետների կարծիքով՝ քաղհասարակության ուժն այն է, որ անկախ են բոլոր՝ քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ իշխանություններից. ինքնավարությունը քաղհասարակության հիմքն է: Իսկ պետական ֆինանսավորում ստացող ՀԿ-ները, որոնք իրականում կառավարական ՀԿ-ներ են լինելու, ենթարկվելու են հենց «Վրացական երազանք»-ին, ինչը գրաքննության է նմանվում և նվազեցնում է վստահությունը քաղհասարակության նկատմամբ:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով՝ այն, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է արևմտյան դրամաշնորհներից և ասում, թե պետությունը կֆինանսավորի ՀԿ-ներին, նման է Ռուսաստանի ոճին, որի հետևանքով այսօր Ռուսաստանում չկա անկախ ՀԿ կամ մեդիա, բոլորը իշխանական են:
Ըստ Զաքարեիշվիլիի՝ պետական դրամաշնորհ տալով, «Վրացական երազանք»-ը սպանելու է պետականամետ, ժողովրդամետ և արևմտամետ գործունեությամբ զբաղվող քաղհասարակությանը: Նրա դիտարկմամբ, «Վրացական երազանք»-ի կառավարությունը պատրանք է ստեղծելու, թե իրենք չեն արգելել ՀԿ-ների գործունեությունը. սակայն, բյուջեից ֆինանսավորումն անկախ ՀԿ լինելու մասին ցուցիչ չի կարող լինել:
«Պետբյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ները, որոնց այլ կերպ GONGO-ներ են ասում, ծառայելու են «Վրացական երազանք»-ին: Նրանք, հավանաբար, ֆինանսավորվելու են, որպեսզի հակակշիռ լինեն իրական քաղաքացիական հասարակական կազմակերպություններին», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց կոնֆլիկտաբանը:
Անկախ քաղհասարակության դիտարկմամբ՝ կառավարությունից ֆինանսավորում ստացող GONGO-ներն անկախ չեն լինելու և պարտավորվելու են հաշվետու լինել կառավարությանը։ Ըստ նրանց՝ «Վրացական երազանք»-ի այս նախագիծը ծառայում է հասարակության և միջազգային հանրության համար իմիտացիա ստեղծելուն, իբր՝ «Վրացական երազանք»-ը չի ճնշում քաղաքացիական հասարակական կազմակերպություններին։
Իրավաբան Սաբա Բրաճվելիի խոսքով, «Վրացական երազանք»-ը վերջնագիր է ներկայացնում անկախ քաղհասարակությանը, ասելով՝ «կամ մեզ ենթարկվեք, կամ` կվերանաք».
«Սա այն է, ինչը կարող ենք անվանել մտրակի և մեղրի քաղաքականություն. եթե դուք մեզ ենթարկվեք, մենք որոշակի գումար կտանք ձեր կազմակերպությանը։ Սա շատ պարզ մարտավարություն է, որին, իհարկե, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար աշխատող ոչ մի կազմակերպություն չպետք է ենթարկվի»:
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի կառավարությունը նախատեսում է ստեղծել իրենց վերահսկողության տակ գտնվող հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ «Պետական դրամաշնորհների կառավարման գործակալություն»։ Համապատասխան փոփոխությունը ներառված է «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Օրենքի նախագիծը «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորները կքննարկեն արագացված կարգով։ Օրենքի նախագծի պարզաբանման մեջ նշված է՝ գործակալության նպատակն է լինելու վրացական բյուջեով աջակցել Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին (ՀԿ), «որոնց գործունեության ոլորտները համահունչ կլինեն երկրի զարգացման առաջնահերթություններին»։ GONGO-ների ֆինանսավորմանը բյուջեից 20 մլն լարի կհատկացվի:
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀԿ-ների պետական ֆինանսավորման նախաձեռնության մասին հայտարարել էր դեռ 2024 թվականի սեպտեմբերին։
Ի դեպ, ընդդիմությունը ևս Կոբախիձեի հայտարարությունն աբսուրդ էր որակել: Ըստ ընդդիմադիրների՝ դա ՀԿ-ներին կաշառել է նշանակում։
Հիշեցնենք. չնայած Վրաստանում բողոքի ցույցերին և ԱՄՆ-ի, ԵՄ երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերին՝ չընդունել «գործակալների օրենք»-ը (Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին), «Վրացական երազանք»-ը 2024 թվականի գարնանն, այնուամենայնիվ, ընդունեց այդ օրենքը: