Արևելյան մարտարվեստում հմտացած Կիմա Նորսոյանը բազում հաջողություններ է գրանցել կարատեի ոլորտում։ Տասնյակ մեդալների ու մրցանակների դափնեկիր աղջիկը 17 տարեկան է և չնայած ունի բազում հետաքրքրություններ, այնուամենայնիվ` սպորտն ու արևելյան մարտարվեստը նրա համար առաջնային են։
Սպորտին զուգընթաց, Նորսոյանը նաև սիրում է արվեստը, դաշնամուր է նվագում և պարում։ Ձեռքբերում է համարում նաև այն, որ տիրապետում է նունչակի մարտարվեստին։ Գրանցած հաջողությունների և առաջիկա պլանների մասին «Ալիք մեդիան» զրուցել է Կիմա Նորսոյանի հետ։
«Դժվարանում եմ խոսել հոբբիներիս մասին, շատ տարբեր նախասիրություններ ունեմ. սիրում եմ և՛ սպորտ, և՛ երաժշտություն, ասեղնագործություն, պար և այլն։ 8 տարեկանից սկսել եմ հաճախել կարատեի, մինչ օրս սիրում եմ, սակայն այդ ընթացքում նաև ունեցել եմ ընդհատումներ, ուստի կարող եմ ասել, որ կարատեով զբաղվում եմ 8 տարի։
Մեկ տարի առաջ նաև սկսեցի զբաղվել նունչակի մարտարվեստով. նունչակը գործիք է, որը կիրառում են մարտարվեստի հնարքներ կատարելիս», — պատմում է Կիմա Նորսոյանը։
Կարատեի մասին խոսելիս Կիման խանդավառվում է․ «Կարատեն ինձ համար զբաղմունք կամ հոբբի չէ, կարատեն ինձ համար ուրիշ աշխարհ է, ես կատարելագործվում եմ այս աշխարհում, կարատեով եմ կարողանում արտահայտել հույզերս, նաև կարատեի շնորհիվ դրսում ինձ պաշտպանված եմ զգում»։
Նորսոյանի կարծիքով` սպորտը չի կարող լինել այս կամ այն սեռի ներկայացուցիչների մենաշնորհը. ինչպես կարատեում, այնպես էլ սպորտում սահմանափակումներ չկան։ Ըստ նրա` այս հարցում կարծրատիպերը շատ են։
«Հասարակության շրջանում կարծրացած տեսակետներ կան, որոնք անհրաժեշտ է կոտրել։ Շատերը կարծում են` ոչ միայն կարատեն, առհասարակ սպորտն աղջիկների հաար չէ, ինչին ի պատասխան կասեմ, որ հենց աղջիկները պետք է զբաղվեն սպորտով։ Հենց մեր տարածաշրջանում շատերը կարծում են, թե կարատեն կանացի սպորտաձև չէ, բայց չէ՞ որ կարծրատիպերը չեն, որ պիտի կառավարեն մեր կյանքն ու որոշումներ կայացնեն մեր փոխարեն», — պնդում է Նորսոյանը։
Կարատեի ոլորտում ունեցած իր հաջողությունների մասին աղջիկը պատմում է, որ միշտ փորձել է անել առավելագույնը` արդարացնելու համար իր աջակիցների սպասելիքները․
«Երեք անգամ Վրաստանում ճանաչվել եմ ամենաբարձր վարկանիշով մարզիկը, 2016 թվականին Լեհաստանում անցկացված կարատեի աշխարհի չեմպիոնատում գրավել եմ 2–րդ հորիզոնականը, այնուհետև մի քանի անգամ դարձել եմ աշխարհի չեմպիոն արդեն մայրաքաղաք Թբիլիսիում։ 2016 թվականին ստացա «Լեդի կարատե» կոչումը։ Վրաստանում գործում էր նման ակցիա, որի ժամանակ բոլոր հաջողակ կին մարզիկներին շնորհում էին նման կոչում. ըստ հերթականության` ես 2-րդն էի»։
Նորսոյանը սովորում է հանրային դպրոցում, բարձրագույն կրթություն ստանալու մտադրություն ունի, բայց` այլ մասնագիտությամբ։ Անշուշտ, սպորտով ու կարատեով կշարունակի զբաղվել։
«Չեմ պատրաստվում թողնել կարատեն, ավելին, նպատակ ունեմ հասնելու սև գոտու և հետզհետե բարձրանալ Վրաստանի ու համաշխարհային կարատեի վարկանիշային աղյուսակում:
Պատահել է, որ թողել եմ կարատեն, բայց հետո մի պահ հետ եմ նայել ու հասկացել, որ ինձ հավատացող մարդիկ կան, որոնք վստահ են ուժերիս վրա։ Այդ պահերին ինձ ոգևորել ու ոգեշնչել են մարզիչս, ընտանիքս, ընկերներս, հարազատ մարդիկ։ Տեսնելով դա` կրկին ուժ եմ հավաքել առաջ շարժվելու, ինչքան էլ բարդ է եղել ճանապարհս», — պատմում է աղջիկը։