Այսօր օպերայի երգիչ, տենոր Գիգի Պետրիաշվիլիի կարանտինի 7-րդ օրն է լրանում Թբիլիսիում, ողջ ընթացքի ուղիղ կեսը: Առավոտյան արդեն սովորության համաձայն, ինստագրամյան էջում հրապարակում է հերթական լուսանկարը Իսանիի թաղամասում տեղակայված կարանտինի վերածված հյուրանոցի պատշգամբից ու վերնագրում՝ «Day 7, snow»:
Մեկ շաբաթ առաջ երկու հատուկ չվերթներով Վրաստան տեղափոխվեցին Եվրոպայի ամենառիսկային երկրում՝ Իտալիայում գտնվող Վրաստանի քաղաքացիները, այդ թվում նաև՝ Գիգին: Վերջինս Հռոմում էր հայտնվել աշխատանքային նպատակով, թատրոնում լսում ուներ: Մարտի 8-ին չվերթը չեղարկվել է, իսկ ինքը միանգամից դիմել է Իտալիայում Վրաստանի դեսպանությանը: Դեսպանությունը հատուկ խորհրդատվություններ է տվել՝ մնալ հյուրանոցում մինչև պարզ դառնա հատուկ չվերթի ամսաթիվը, իսկ մինչ այդ՝ օրական կտրվածքով մի քանի անգամ զանգահարել, հարցրել են առողջական վիճակի մասին: Չվերթը նշանակել են մարտի 11-ին, օդանավակայանում Պետրիաշվիլիին հանդիպել է հատուկ հագուստով աշխատակազմը, ուղևորներին փոխանցել են ջուր, սնունդ:
Գիգին ասում է՝ աշխատակազմը լավ պատրաստված էր, նույն կերպ դիմավորել են նաև Թբիլիսիում: 30-30 հոգի դուրս են եկել ինքնաթիռից ու միանգամից տեղափոխվել օդանավակայանի տարածքում տեղակայված հատուկ բժշկական կետ, որտեղ ստուգվել է նրանց առողջական վիճակը: Ջերմություն արձանագրվել է 7 հոգու մոտ, նրանց առանձին են տեղափոխել, իսկ մնացածին՝ առանձին:
Օդանավակայանից հյուրանոց տեղափոխվել են հատուկ ավտոբուսներով, որտեղ ևս նրանց սնունդ ու ջուր է բաժանվել: Ուղևորներն իրար հետ շփում չեն ունեցել, բժիշկները նրանց փոխանցել են դիմակներ ու ջերմաչափեր, ինչպես նաև հատուկ լրացնելու փաստաթղթեր ու ճանապարհել են դեպի սենյակներ: Կարանտինային շրջանում Գիգին սենյակից դուրս չի գալիս, միայն դռան շեմից վերցնում է ամենօրյա սնունդը, ասում է.
«Կարանտինի համար գերհարմար, անթերի պայմաններ են՝ հյուրանոցը, օրը երեք անգամ սնունդը՝ օրգանիզմի համար պարտադիր մթերքով պատրաստված: Մենք ժամը մեկ անգամ չափում ենք ջերմությունը հատուկ ջերմաչափերով, լրացնում ենք փաստաթուղթը»,- մեզ հետ զրույցում ասում է Գիգին ու ընդհատում խոսակցությունը՝ պատասխանելու հյուրանոցի սենյակի հեռախոսազանգին։ Ասում է՝ հետաքրքրվում էին իր առողջական վիճակի մասին:
Գիգիի խոսքով, բացի ջերմությունից այլ ստուգումներ չի անցել, քանի որ ինքն իրեն լավ է զգում՝ չունի ոչ հազ, ոչ էլ որևէ այլ գանգատներ: Կարանտինի երկրորդ օրը ստորագրել է պայմանագիր, որում նշված է՝ պետությունն ու ինքը փոխադարձ պատասխանատվություն են կրում իրար, ինչպես նաև այլ քաղաքացիների հանդեպ:
«Չեմ կարող չխոսել պետության հիանալի պատրաստվածության մասին՝ սկսած հատուկ չվերթից, ավարտված՝ կարանտինային պայմաններով: Պետությունն իսկապես առավելագույն կերպով հոգում է քաղաքացիների անվտանգության համար»,- ասում է Պետրիաշվիլին:
Հիշեցնենք, այսօրվա դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34 դեպք, կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է և կազմում է 1008: Ստացիոնար վերահսկողության տակ է 64 մարդ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեությունը ևս:
Արգելվել են երթուղային տաքսիները, սպորտային սրահները: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Վրաստանը փակել է սահմանները բոլոր հարևանների հետ: