Կանայք վրաց քաղաքականության մեջ՝ առաջին խորհրդարանից մինչ օրս

1919 թվականին գումարվեց Վրաստանի հիմնադիր ժողովը, որին առաջին անգամ մասնակցեցին կանայք` ունենալով ոչ միայն ձայն տալու, այլև ընտրվելու իրավունք։ Պատվիրակ դարձան հինգ կանայք, ինչը նոր քայլ էր երկրի քաղաքական պատմության մեջ։ Այդ կանայք ներկայացնում էին ոչ միայն վրացական մեծամասնությանը, այլև էթնիկ փոքրամասնություններին։ Առաջին կին պատգամավորներից էր ազգությամբ հայ Էլեոնորա Տեր-Պարսեգովա-Մախվիլաձեն։ Տեր-Պարսեգովան ակտիվորեն մասնակցում էր սոցիալական բարեփոխումների և կանանց իրավունքների քննարկումներին։ Կանայք այս շրջանում զբաղվում էին սոցիալական և կրթական ռեֆորմներով` քննարկելով գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության հարցերը։ Թեև նրանք թվով քիչ էին՝ ներգրավված էին սոցիալական և քաղաքացիական իրավունքներին վերաբերող օրենքների և ռեֆորմների մշակման գործում:

90-ականներին սկսվեց աշխատանք կանանց իրավական կարգավիճակի բարելավման ուղղությամբ։ Դրան նպաստեց երկրում միջազգային կազմակերպությունների ի հայտ գալը և կանանց հիմնախնդիրներով զբաղվող տեղական հասարակական կազմակերպությունների ստեղծումը: Այս հարցով զբաղվում էին նաև քաղաքացիական հասարակությունն ու պետությունը։

Այսօր Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում կանայք կազմում են 19,3%, ինչը համեմատած 4-րդ գումարման հետ` 12.4%-ով ավելի է։

Վրաստանը` որպես ՄԱԿ-ի անդամ, միացել է տարբեր պայմանագրերի, այդ թվում` կանանց քաղաքական իրավունքների ընդլայնմանն առնչվող` ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրին, Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին կոնվենցիային և այլն։

Այսօրվա դրությամբ կանայք ավելի կարևոր դեր են խաղում Վրաստանի քաղաքականության մեջ, թեև նրանց ներկայությունն առաջատար պաշտոններում շարունակում է մնալ սահմանափակ, զգալի թվով կանայք աշխատում են սոցիալական, կրթության և առողջապահության հարցերի հանձնաժողովներում, բայց ոչ` առանցքային տնտեսական կամ քաղաքական մարմիններում։ Ամենավառ օրինակը Սալոմե Զուրաբիշվիլին է, որ 2018 թվականին դարձավ Վրաստանի առաջին կին նախագահը։ Նշենք նաև, որ խորհրդարանի 27 կանանցից Նինո Ծիլոսանին խորհրդարանի նախագահի տեղակալներից մեկն է։

Վերջին տարիներին Վրաստանը ներդրել էր քվոտավորման մեխանիզմը՝ քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը մեծացնելու համար։ 2020 թվականին օրենք ընդունվեց, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով կուսակցական ցուցակների յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է լիներ կին, սակայն 2024 թվականին գենդերային քվոտավորումը չեղարկվեց, քանի որ  քվոտաներն օգնում էին մեծացնել կանանց թիվը քաղաքականության մեջ, շատ էին շահարկումները, թե ինչպես էր դա ազդում որոշումների կայացման գործընթացում կանանց իրական մասնակցության և քաղաքական գործընթացներում նրանց դերի վրա։ Հարկ է նշել, որ գենդերային քվոտավորում կա բազմաթիվ պետություններում, սակայն արդյունքները միանշանակ չեն։

Վրաստանում յուրաքանչյուր ընտրության ժամանակ համամասնական ընտրակարգով ընտրված կանանց թիվը գերազանցում էր մեծամասնական ընտրակարգով ընտրված կանանց թվին։ Այսօր էլ խորհրդարանի բոլոր կանայք ընտրվել են կուսակցական ցուցակով, ինչը նշանակում է, որ միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում խորհրդարանի կին անդամներն ավելի շատ կլինեն։

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ աճում է, թեև այդ գործընթացը դեռևս անհավասար է։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսլանդիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, կանայք զբաղեցնում են հիմնական պետական ​​պաշտոնները, բայց Վրաստանում կանանց ներկայացվածությունը խորհրդարանում և կառավարությունում աճել է միայն վերջին տասնամյակների ընթացքում։

Հեղինակ՝
Մարիաննա Մանուկյան