Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Կանայք ընտրում են Եվրոպան» կանանց երթը ընդդեմ «ռուսական օրենքի»։ Կանայք բողոքի կոչերով քայլեցին մինչև Վրաստանի խորհրդարան, — փոխանցում է «Ալիք Մեդիա Վրաստանը»։
Եվրամիության և Վրաստանի դրոշները, ինչպես նաև հետևյալ գրություններով պաստառներ՝ «Կանանց հետ զգույշ եղեք», «Կանայք ընտրում են Եվրոպան», «Ո՛չ ռուսական օրենքին», «Վերադարձրե՛ք քվոտաները»։
«Դատապարտում եմ ամեն ինչ, ամեն ինչ՝ ինչը ուղղված է մարգինալացմանը: Շնորհակալություն ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր այսօր մեզ՝ երիտասարդներիս աջակցում են, շնորհակալ եմ ծերեին, մայրերին, երեխաներին, որովհետև այսօր մենք համախմբվել ենք, առաջին բառը Աստվածն է, այսօր մեր խոսքը ամենահզորն է: Այսօր ես կանգնած եմ ձեր կողքին, միանում եմ նրան՝ որը արդարացի է, ճիշտ է, առողջ է: Ո’չ ռուսական օրենքին»,- ելույթ ունենալլվ խորհրդարանի դիմաց նշեց ցուցարարներից մեկը:
Ցույցին մասնակցել են տարբեր տարիքի կանայք և աղջիկներ։ «Ռուսական օրենքի» դեմ պաստառներով երթի մասնակից են դարձել նաև Թբիլիսիում գտնվող փախստական Ռուսաստանի քաղաքացիները։
Նշենք, որ վերջին երեք օրերին տեղի ունեցող ցույցերն ինքնակազմակերպված են, ուսանողները նշում են, որ չեն պատրաստվում դադարել բողոքի ալիքը, քանի որ առաջին հերթին օրենքի հետևանքները հենց իրենց վրա են անդրադառնալու՝ այլևս չեն օգտվելու փոխանակման ծրագրերից դեպի Եվրոպական երկրներ, չեն կարողանալու ուսում ստանալ արտերկրում, չեն կարողանալու ստանալ ոչ ֆորմալ կրթություն:
Նշենք, որ մեկ շաբաթ անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Օրեր առաջ հատուկջոկատայինները ծեծի էին ենթարկել ցուցարարներին, խախտելով նրանց իրավունքները:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։