Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում կկայանա «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» խորագրով լուսանկարների եւ նամակ-հոդվածների ցուցադրություն։ Նախագիծն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ։
Ցուցադրությունը կանցկացվի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում (Կենտրոնական մասնաշենք, միջոցառումների հիմնական սրահ)։
«Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած կանայք, որոնք անցել են կորուստների, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաև այլոց։
Լուսանկարների և հետահայաց նամակների ցուցադրությունը յուրահատուկ նախագիծ է, որը ներկայացնում է տարբեր ոլորտներում հաջողության հասած, բայց նաև իրենց կյանքի տարբեր փուլերում դժվարությունների բախված կանանց պատմություններ», — նշված է տրամադրված տեղեկության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հերոսներն իրենք են որոշել, թե ում են հղում իրենց նամակը և ներկայացնում իրենց մտորումներն ու ապրումները՝ խնդիրների բարձրաձայնման այս հնարավորությունը դարձնելով ինքնահայեցման և ընթերցողի հետ անկեղծ զրույցի մտերմիկ պահ, նաև բացառիկ հնարավորություն՝ ուղերձ հղելու նույնպիսի դժվարությունների միջով անցնող կանանց․ «Ամեն ինչ հաղթահարելի է, պետք է միայն պայքարելու ուժ գտնել»։
«Հայաստանցի կանանց պայքարը ցուցադրող այս նախագիծը ներկայացվում է նաև Թբիլիսիում՝ հաշվի առնելով բարեկամ երկրի սոցիալական, մշակութային, մարդաբանական համատեքստերի նմանությունը և հասարակությունների շրջանում առկա կարծրատիպերն ու դրանք հաղթահարելու անհրաժեշտությունը», — ընդգծված է հայտարարության մեջ։