Վրաստանում քաղաքական դաշտում թեև հիմնականում գերիշխում են տղամարդիկ, այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ կանայք կոնֆլիկտների լուծման հարցում էական դեր ունեն։ Վրաստանում բնակչության կեսից ավելին (52%) կազմում են կանայք, Վրաստանի խորհրդարանն ունի 147 պատգամավոր, ընդ որում՝ 28 կին և 119 տղամարդ։ Վրաստանի նախագահը ևս կին է։ Սակայն վիճակագրական տվյալների համաձայն, միևնույնն է, կանանց թիվը տղամարդկանց թվի համեմատ քիչ է և՛ խորհրդարանում, և՛ տեղական ինքնակառավարման մարմիններում։
Վրաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձություններում կին քաղաքական գործիչներն ունեցան իրենց առանձնահատուկ դերը։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալմանն ու հացադուլին արձագանքողներից առաջինը Վրաստանի խորհրդրանի «Ժամանակն է» խմբակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան էր, ով հացադուլ սկսեց՝ Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Նա հայտարարեց, որ բողոքի այս ձևը բացարձակապես խաղաղ է, և ինքը չի ցանկանում միջամտել ո՛չ նիստերի, ո՛չ հանձնաժողովների, ո՛չ էլ որևէ մեկի աշխատանքին։ Խոշտարիան ասում էր, որ չի պատրաստվում լքել խորհրդարանն ու որ իրեն միանալու և իր հետ հացադուլ անելու կարիք չկա, քանի որ դա պայքարի վտանգավոր ձև է։
Այնուհետև, երբ Սաակաշվիլիին տեղափոխեցին Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց, Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան, հիմք ընդունելով մասնագետների խոսքը, բարձրաձայնեց, որ այս հիվանդանոցը չի կարող բավարար լինել Սաակաշվիլիի խնդրի դեպքում։
Օմբուդսմենի նախաձեռնությամբ հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։
Լոմջարիայի և Խոշտարիայի աշխատանքի արդյունքը նաև եղավ նախկին նախագահի հացադուլի դադարեցումը և այլ հաստատություն տեղափոխումը։
Երկրում հաստատված քաղաքական լարվածությունը մեղմացնել փորձեց նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախաձեռնելով Վրաստանի նախկին նախագահների հետ հանդիպում՝ հանուն «համազգային երկխոսության», այնուհետև նաև հանդիպում քաղաքական կուսակցությունների հետ համերաշխության նպատակով։
«Ես եղել եմ քաղաքականության մեջ, և իմ փորձից կարող եմ ասել, որ կանայք ավելի լավ կարող են լուծել խնդիրներ ցանկացած ասպարեզում քան տղամարդիկ, ըստ իս՝ տղամարդիկ ավելի տաքարյուն են, իսկ կանայք ավելի նրբանկատ և խաղաղասեր հիմնականում։ Ներկայումս, երբ կան բազում կոնֆլիկտներ, կանայք պիտի գործեն ավելի ակտիվ ու փոխեն աշխարհը» — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Սամցխե-Ջավախեթիում առաջին կին պատգամավոր, հասարակական ակտիվիստ, այժմ համայնքային կենտրոնների հիմնադրմամբ զբաղվող, Ախալցիխեի բնակիչ Ցիրա Մեսխիշվիլին։
Նրա խոսքով՝ շատերը կին ակտիվիստներին կարող են լուրջ չվերաբերվել կամ կարծել, թե որևէ շարժում նրանք իրականացնում են սեփական հետաքրքրություններից ելնելով, մինչդեռ ինքն այդ կարծիքին չէ.
«Մեր երկրի օմբուդսմեն Նինո Լոմջարիային, ում հետ հնարավորություն եմ ունեցել բազմիցս հանդիպել, կարող եմ ասել, որ օժտված է կին առաջնորդի հատկություններով, իսկ Խոշտարիան ավելի շատ քաղաքականության մեջ ունի իր մեծ դերը։ Մեր երկրում տեղի ունեցող վերջին դեպքերի հետ կապված կարող եմ նշել, որ երկուսն ել ճիշտ դիվանագիտությամբ էին ուղղորդվում, ի շահ Վրաստանում Եվրոպական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և լարվածության մեղմացման համար»։
Ցիրա Մեսխիշվիլին նշում է, որ այս կանայք օրինակ են ծառայում այլոց համար, ըստ այդմ՝ կարևոր է նաև մյուսների ցուցաբերած ակտիվությունը նմանատիպ հարցերում, և կոչ անում սկսել հենց մեզնից, մեր գյուղից ու քաղաքից․
«Ամենացավալին այն է, որ շատ անձանց չեն հետաքրքրում իրենց գյուղի ու քաղաքի խնդիրները, գյուղերում նկատել եմ, որ հիմնականում այդ անձինք կանայք են։ Խիստ կարևոր է յուրաքանչյուրիս ակտիվ և հավասար մասնակցությունը խնդիրների և տարաձայնությունների լուծման հարցում, կոչ եմ անում բոլոր կանանց ընդգրկվել յուրաքանյուր գործընթացում, եկեք սկսենք մեզնից ու մեր գյուղից կամ քաղաքից։
Օրինակ գյուղերում ֆինանսների բաժանման գործընթացին մասնակցում են հիմնականում տղամարդիկ, կոչ եմ անում սկսել հենց այս կետից ու հետևելով ակտիվիստ կանանց օրինակին՝ միջոցները գործի դնել մեզ անհանգստացնող խնդիրների լուծման հարցում»։