Նման ճգնաժամային իրավիճակում ավելի լավ է կառավարությանն օգնել, քան կողքից խորհուրդներ տալ: Այսպես է արձագանքել Վրաստանի վարչապես Գիորգի Գախարիան՝ ընդդիմության քննադատությանը:
Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ վերջերս առավել ակտիվ քննադատությամբ են հանդես գալիս: Ընդդիմադիրներին դուր չի գալիս, որ Վրաստանում կորոնավիրուսի արագ թեստերի քանակը քիչ է, ու որ իշխանությունը քաղաքացիների համընդհանուր թեստավորում չի անում: Ընդդիմադիր Գիորգի Վաշաձեն ուղիղ եթերում ինքն իրեն թեստավորել է՝ արագ թեստի միջոցով՝ ապացուցելու համար դրանց արդյունավետությունը:
Գախարիան ընդդիմության այս քայլերը շահարկումներ է համարել՝ մարդկանց կողմից, ովքեր պատկերացում չունեն թեստերի մասին ու հեռու են բժշկությունից: Վարչապետն ասել է՝ կառավարությունն աշխատում է արդյունքի համար ու ենթարկվում է միայն համաճարակաբանների հրահանգներին:
«Երբ խոսքը համաճարակի վտանգի մասին է , մենք լսում ենք համաճարակաբաններին, ոչ թե քաղաքական գործիչներին: Երբ խոսքը տնտեսության մասին է, մենք նստում քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, երբ խոսքը քաղաքացիների ուղիղ օգնության մասին է, մենք խոսում ենք քաղաքացիների հետ: Մեզ խորհուրդներ պետք չեն: Եթե ինչ-որ մեկը կարող է օգնել պետությանն ու մեր քաղաքացիներին, թող գնան այնտեղ, ուր օգնության կարիք կա, հատկապես 60-ն անց մարդկանց, խրոնիկ հիվանդների, ու օգնեն նրանց, ոչ թե հեռուստացույցով խոսեն»,— ասել է Գախարիան:
Բոլոր խորհրդատուներին վարչապետը խորհուրդ է տվել իրենց գործով զբաղվել:
Ոչ պակաս կտրուկ է արտահայտվել ընդդիմության մասին նաև Հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն. «Թող ինձ հանգիստ թողնեն: Նրանք ախր գիտեն, որ ես շատերի մասին շատ բան գիտեմ: Ուրեմն թող լռեն, թե չէ ես կսկսեմ խոսել: Զգուշացնում եմ՝ թող մնան իրենց տեղերում, նստեն տանը: Այժմ դա ամենաշատն է պետք երկրին: Թե չէ այսօր բոլորը համաճարակաբաններ են դարձել»:
Իմնաձեն ասել է, որ ընդդիմությունը չպետք է միջամտի իրենց կենտրոնի աշխատանքին, իսկ շուկայում կան արագ թեստեր, որոնք ցանկության դեպքում ընդդիմությունը կարող է իր վրա փորձարկել:
Հիշեցնենք՝ Վրաստանը Չինաստանից նվեր է ստացել այսպես կոչված արագ թեստեր, որոնք մեկ ժամվա ընթացքում արդյունք են ցույց տալիս: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հիվանդությունների վերահսկողության կենտրոնը վարակվածի և նրա կոնտակտների նկատմամբ հսկողություն է սահմանում նրանց, վարակի տարածման կանխատեսումներ է անում: Կենտրոնի խորհրդատվության հիման վրա Վրաստանի կառավարությունը արտակարգ դրություն է սահմանել մինչև ապրիլի 21-ը, նաև երկրի 2 շրջաններում (Մառնեուլի, Բոլնիսի) խիստ կարանտինային ռեժիմ հայտարարել: Կենտրոնի խորհրդատվությունների հիմքով են նաև մշակվել բոլոր սահմանափակումներն ու դրանց ժամկետները: